Ինչ պատեհ առիթի է սպասում «Ելքը»՝ Տարոն Մարգարյանին անվստահություն հայտնելու
Քաղաքական
19:19 11/06/2018
Հայաստան

Ինչ պատեհ առիթի է սպասում «Ելքը»՝ Տարոն Մարգարյանին անվստահություն հայտնելու

Հունիսի 8-ին լրացավ Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու մեկ տարին։ Նրա հրաժարակը քաղաքացիները վաղուց էին պահանջում, այնինչ ավագանին  լուռ էր:  Թե ինչու էր հապաղում օրենքով իրենց ձեռքը տված իրավունքից օգտվել՝ «Ելքից» Panorama.am-ին պատասխանել էին, որ «սպասում են մեկ տարին լրանալուն»:

Նշենք, որ ՏԻՄ օրենքի համաձայն ընտրվելուց հետո մեկ տարի անց համայնքի ավագանին իրավասու է ձայների մեծամասնությամբ համայնքի ղեկավարին զրկել զբաղեցրած պաշտոնից՝ անվստահություն նախագիծ ներկայացնելով։

Տարին լրացավ, բայց երևում է, որ ավագանին քաջասիրտ չէ դեռ…:

Panorama.am-ը Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից ճշտեց, թե խմբակցությունը ի՞նչ է պատրաստվում անել։

«Այս պահին դեռևս անվստահության նախագիծ ներկայացնելու մասով որոշում չկա։ Հիմա որոշակի քննարկումներ են ընթանում դրա շուրջ, որոնց մասին ընթացքում տեղյակ կպահենք»,- ասաց Խաժակյանը։

Խմբակցության ղեկավարը նշեց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ քաղաքապետին անվստահություն հնարավոր է հայտնել տարին մեկ անգամ, և այդպիսի նախագիծ ներկայացնեն այն ժամանակ, երբ այն իր հստակ ազդեցությունը կունենա։

«Մեր մտավախությունն այդ մասով հետևյալն է, որ պետք է իրադրությունն այնպիսին լինի, որ այդ անվստահության նախագիծն իր հստակ ազդեցությունն ունենա, հակառակ դեպքում մենք մեզ կզրկենք մեկ տարվա ընթացքում ևս այդ նախագիծը բերելուց»,- ասաց նա։

Դավիթ Խաժակյանը հավելեց, որ առայժմ շարունակում են ավագանու անդամի իրենց գործունեությունը։

«Շարունակում ենք բացահայտել բոլոր այն ապօրինությունները, որոնք եղել են Տարոն Մարգարյանի թողտվությամբ, ինչ էլ բնականաբար ազդելու է անվստահություն ներկայացնելու գործընթացի վրա»,- հավելեց նա։

Այնուամենայնիվ զարմանալի է՝ թավշյա հեղափոխություից հետո ինչ փոխատեղումներ ասես ու չասես՝ եղան, իսկ Տարոն Մարգարյանը արմատակալել ու մնացել է…: Ե՞րբ կգա այդ պատեհ առիթը: Ու մի՞թե այնդքան դժվար է գտնել խախտումներ Տարոն Մարգարյանի գործունեության, կամ անգործության մեջ:

Placeholder