Աղվան Հովսեփյան. Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ
Իրավունք
13:59 11/06/2018
Հայաստան

Աղվան Հովսեփյան. Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։ 

ՔԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ա.Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին և հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր երկրի բարօրության, արդարության և արդարադատության ապահովման։

«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել:

Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել ։ Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն.դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ, աշխատանքային կորով և հմտություններ։

Ամեն մի դրական քայլին սիրով և բարեսրտությամբ կհետևեմ»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը ու ավելացրել. «Ուզում եմ , որ մենք նույն միահամուռ ուժերով, միասին, մի գաղափարախոսությամբ համախմբվենք այն ղեկավարների հետ, որը վաղը, մյուս օրը լինելու է Քննչական կոմիտեում: Ուզում եմ մաղթել հաջողություն, միակամություն և ամենակարևորը, որ կարողանան պահպանել ու հետևողականորեն զարգացնեն քննիչի ինքնուրույնությունը, Քննչական կոմիտեի որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի անկախությունը »: ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից,օրենսդիր իշխանությունից, սակայն կարևորել է նաև ներքին անկախությունը։

«Ձեր ինքնուրույնության դրսևորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել՝ գործեք օրենքով»` դիմելով ՔԿ ծառայողներին ասել է ՔԿ նախագահը և կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։

«Սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռու մնաք հասարակական կյանքից։ Ապրել հասարակության մեջ և չլինել դրա մի մասնիկը անհնար է։ Միշտ փորձեք զգալ հասարակության շունչը, սակայն կարողացեք տարանջատել՝ հասարակական գործունեությունն ու ակտիվությունը՝ քաղաքականությունից»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։

Աղվան Հովսեփյանն իրավապահ համակարգում մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո։

Աշխատել է նախ Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ, ապա 1978 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում, նախ՝ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական:

1986 թվականից մասնագիտական գործունեությունը շարունակել է դատախազության համակարգում, որտեղ պաշտոնավարել է մինչև 2013 թվականը։ Այդ տարիների ընթացքում 3 անգամ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

2013 թվականին լրացել է պաշտոնավարման ժամկետը և նույն թվականին նշանակվել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, իսկ ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Ա.Հովսեփյանը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական և հասարակական ակտիվ գործունեությամբ։

Placeholder
Աղվան Հովսեփյան. Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ