Լեհերը կշարունակեն պեղումները Մեծամորում
Մշակույթ
11:20 14/06/2018
Հայաստան

Լեհերը կշարունակեն պեղումները Մեծամորում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև ձևավորված  գործակցությունը զարգացման նոր հեռանկարներ է բացում:

ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Վարշավայում ստորագրվել  է  2018-2022 թթ. գործակցության համաձայնագիր, որը նախատեսում է  գիտահետազոտական ու գիտագործնական աշխատանքներ Մեծամոր հնավայրի տարածքում,  հնագիտական նյութերի քիմիական և ռադիոածխածնային անալիզների իրականացում արտերկրում, երիտասարդ կադրերի փոխանակում,  որակավորում, համատեղ հրատարակությունների,  գիտակրթական ծրագրերի  իրականացում,  նյութատեխնիկական բազայի համալրում,  համատեղ ցուցադրությունների կազմակերպում և այլն:

Համաձայնագիրը ստորագրել են Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ  Յակուբյակը, Միջերկրածովյան հետազոտությունների լեհական կենտրոնի տնօրեն Տոմաշ Վալիշևսկին և «Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:  Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր Լեհաստանում Հայաստանի արտակարգ  և  լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:2012 թ. ձևավորված գործակցությունը ամուր հիմքեր ունի: Հայ-լեհական արշավախումբը տարիներ շարունակ պեղումներ է իրականացնում Մեծամոր հնավայրի տարածքում:  Լեհ  հնագետները  Երևանում  կրկին կլինեն   սեպտեմբերին   և կվերսկսվեն պեղումները Մեծամորում:

Placeholder
Լեհերը կշարունակեն պեղումները Մեծամորում