Ռոբեր Կետիկյանի  ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը
Մշակույթ
18:11 16/06/2018
Հայաստան

Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ կինոփառատոնը կբացվի Ռոբեր Կետիկյանի «Առանձնատունը» ֆիլմով (2017, Ֆրանսիա): 

Մարսելի մոտակայքի փոքրիկ ծովածոցում կա մի գեղատեսիլ առանձնատուն, որի տերը ծեր մարդ է: Կյանքի վերջին օրերին նրա կողքին են երեք զավակները` Փարիզում բնակվող դերասանուհի Անժելան, Ժոզեֆը, որ նոր է սիրահարվել իր կես տարիքի մի աղջկա, և Արմանը՝ միակը, որ մնացել է Մարսելում՝ ընտանեկան փոքրիկ ռեստորանն աշխատեցնելու:

Նրանց համար ծանրութեթև անելու ժամանակն է, թե ինչ են ժառանգել հոր իդեալներից և այն համայնական ոգուց, որին ծնունդ է տվել հայրն այդ մոգական վայրում: Մի խումբ նավարկող մարդկանց հայտնվելը մերձակա ծովախորշում մտորումների այս պահերը կվերածի իրարանցման:

Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ այն  փակվելու է  Թերի Գիլիամի  «Դոն Կիխոտին սպանած մարդը»  (Իսպանիա/Բելգիա/Ֆրանսիա/Պորտուգալիա/Միացյալ Թագավորություն) ֆիլմով:

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը: Այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում ընդգրկվել է շուրջ 27 ֆիլմ։

Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանին հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին:

Placeholder
Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը