Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մաշտոցի պողոտան Սարյան փողոցին կապող այգին 2015-ից մինչև այս պահը փակ է երևանցիների համար: Չորս տարի շարունակ այստեղ ինչ-որ աշխատանքներ են իրականացնում: Իսկ այդ ընթացքում անընդհատ վերանորոգման ավարտի ժամկետներ են փոխվում:
Հիմա Գլխավոր պողոտայի այգին փողոցից առանձնացնող թիթեղների վրա աշխատանքների ավարտն ավետող նոր գրություն է հայտնվել: Այս անգամ էլ խոստանում են՝ այգին երևանցիներին կհանձնվի հուլիսի 25-ին:
Հիշեցնենք, դեռ 2015-ի հուլիսին քաղաքապետարանից հայտարարել էին՝ մինչև տարեվերջ այգին վերանորոգված կլինի ու կհանձնվի երևանցիներին:
Ոչ 2015-ին, ոչ 2016-ին, ոչ 2017-ին, ոչ էլ 2018-ի գոնե առաջին կիսամյակում այգին երևանցիներին չհանձնեցին: Իսկ այդ ընթացքում աշխատանքների ավարտի մասին տեղեկացնող մի քանի պաստառներ փոխվեցին, կանաչ ծառեր հատվեցի, այգում փայտե ու ապակե շինություններ հայտնվեցին, ակտիվիստ պայքարողներ եկան ու գնացին:
Այգու բացմանը մոտ հինգ շաբաթ է մնացել, իսկ ներսում ավազի մեծ կույտեր են:
Ի դեպ, նոր ցուցանակից տեղեկանում ենք, որ շինթույլտվությունը տրամադրվել է 2016-ի հուլիսին: Ստացվում է, որ այգին 2015-ին սկսել են քանդել, սարքել ու պետք է աշխատանքներն ավարտին հասցնեին առանց շինթույլտվության:
Կառուցապատողը «Նոր Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, իսկ կապալառու կազմակերպությունը՝ «Դակշին» ՍՊԸ-ն:






