Արդեն չորս տարի այգին երևանցիներին հանձնել չեն կարողանում
Հասարակություն
17:20 19/06/2018
Հայաստան

Արդեն չորս տարի այգին երևանցիներին հանձնել չեն կարողանում

Մաշտոցի պողոտան Սարյան փողոցին կապող այգին 2015-ից  մինչև այս պահը փակ է երևանցիների համար: Չորս տարի շարունակ այստեղ ինչ-որ աշխատանքներ են իրականացնում: Իսկ այդ ընթացքում անընդհատ վերանորոգման ավարտի ժամկետներ են փոխվում:

Հիմա Գլխավոր պողոտայի այգին փողոցից առանձնացնող թիթեղների վրա աշխատանքների ավարտն ավետող նոր գրություն  է հայտնվել: Այս անգամ էլ խոստանում են՝ այգին երևանցիներին կհանձնվի  հուլիսի 25-ին:

Հիշեցնենք, դեռ 2015-ի հուլիսին քաղաքապետարանից հայտարարել էին՝  մինչև տարեվերջ այգին վերանորոգված կլինի ու կհանձնվի երևանցիներին:

Ոչ 2015-ին, ոչ  2016-ին, ոչ 2017-ին, ոչ էլ 2018-ի գոնե առաջին կիսամյակում այգին երևանցիներին չհանձնեցին: Իսկ այդ ընթացքում աշխատանքների ավարտի մասին տեղեկացնող  մի քանի պաստառներ փոխվեցին, կանաչ ծառեր հատվեցի, այգում փայտե ու ապակե շինություններ հայտնվեցին, ակտիվիստ պայքարողներ եկան ու գնացին:

Այգու բացմանը  մոտ հինգ շաբաթ է մնացել, իսկ ներսում ավազի մեծ կույտեր են:

Ի դեպ, նոր ցուցանակից տեղեկանում ենք,  որ շինթույլտվությունը տրամադրվել է 2016-ի հուլիսին: Ստացվում է, որ այգին 2015-ին սկսել են քանդել, սարքել ու պետք է աշխատանքներն ավարտին հասցնեին առանց շինթույլտվության:

Կառուցապատողը «Նոր Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, իսկ կապալառու կազմակերպությունը՝ «Դակշին» ՍՊԸ-ն:













Placeholder
Արդեն չորս տարի այգին երևանցիներին հանձնել չեն կարողանում