2018 թվականի հունվար-մայիսին  տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6 %-ով
Տնտեսություն
14:38 20/06/2018
Հայաստան

2018 թվականի հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6 %-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-մայիս  ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով։ Միաժամանակ, մայիս ամսվա ՏԱՑ-ը ապրիլի  նկատմամբ կազմել է 10.4%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ մայիսի  համեմատ՝  5.4%:

Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարարության  ոլորտում: Մասնավորապես, շինարարության  ծավալն այս տարվա հունվար-մայիսին աճել է 17.4%-ով, նախորդ ամսվա համեմատ՝   42.4%-ով, իսկ 2017թ-ի մայիսի համեմատ նվազել է 3.1%-ով:

2017թ. հունվար-մայիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 17.5 տոկոսով:

Առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.2%-ով, ապրիլի համեմատ՝ 12.2%-ով, 2017թ-ի մայիսի համեմատ՝ 8.8%-ով:

Վիճակագրության համաձայն, սպառողական գները հունվար-մայիսին աճել են 2.8%-ով, նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 1.6%-ով, իսկ ապրիլի համեմատ նվազել են 1%-ով:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հինգ ամիսներին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 1.5%-ով, ապրիլի համեմատ՝ 41.9%-ով, նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 0.1%-ով:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն,  արտաքին առևտրաշրջանառությունը  2018թ-ի հունվար-մայիսին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել է 32.4%-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 24.1 %-ով,  իսկ ներմուծումը՝ 37%-ով:

Վիճակագրության համաձայն՝  հունվար-մայիսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 3.7%-ով:

 

Placeholder
2018 թվականի հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6 %-ով