Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հին Երևանի ոչնչացումը շարունակվում է», «Հին Երևանից բան չի մնացել»...Երևանցիները փորձում են գուշակել, թե հաջորդ «ոչնչացումը» կամ «աղավաղումը» որ շենքին է սպառնում։ Հերթը Երևանի Մաշտոցի 52 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի «Հյուրերի տանն» է, որը մայրաքաղաքի լավագույն շենքերից մեկն է: Այն կառուցվել է 1940 թվականին Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Զավեն Բախշինյանի նախագծով։ Այսօր այդ շենքից գրեթե բան չի մնացել՝ միայն ֆասադը, այն էլ այնպիսի «վիճակում» է, որ...
Կառավարության 2015թ. հունիսի 10-ի թիվ 637-Ն որոշմամբ «Հյուրերի տունը» նվիրվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին, որից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել է «Հյուրերի տան» խնդիրը և որոշում կայացրել դրա օտարման վերաբերյալ:
Պարզվում է, այդ տարածքում, ընդհանրապես, շինարարական աշխատանքներ չպետք է իրականացվեին նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր, քանի որ շինթույլտվությունը վիճարկվում է դատարանում։
Փաստաբան Նանե Ղազարյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այն ընկերությունը, որը տարածք էր վարձակալում այդ շենքի նկուղային հարկում, դիմել է դատական պաշտպանության։ Այդ տարածքում ընկերությունը ուներ սեփական տաղավար, մեծ ծավալով գույք, իսկ շինթույլտվությամբ, փաստաբանի խոսքով, քաղաքապետը հենց այդ տարածքը թույլատրել էր քանդել ու կցակառույց կառուցել. «Իբր թեթև կոնստրուկցիաներով կցակառույց։ Լրիվ ավիրել էին նույնիսկ մինչև թույլտվությունը ստանալը»։
Նա նշեց, որ դիմել էին դատարան շինթույլտվությունը անվավեր ճանաչելու համար, քանի որ նկուղային հարկում գործող ընկերությանն առանց տեղյակ պահելու իրենց գույքը թույլ էին տվել քանդել ու տեղը այլ բան կառուցել։
«Օրենքի համաձայն՝ եթե շինթույլտվությունը դատարանում վիճարկվում է, պարտավոր են կասեցնել շինարարությունը, ինչը չեն արել առ այսօր։ Ինքնակամ կառուցապատում են»,- ասաց փաստաբանը։
Ն. Ղազարյանի խոսքով, դատարանը պահանջը քննել է շատ արագ ու վճռել՝ իբր շինթույլտվությունը օրենքին համապատասխանում է։
«Մենք բողոքարկեցինք ՀՀ վարչական դատարանի վճիռը։ Վերաքննիչ դատարանը նիստը նշանակել է 2019 թվականի մարտի 28-ին։ Հետևաբար՝ առնվազն մինչ այդ շինարարությունը ինքնակամ է։ Շենքի նոր սեփականատերն էլ Դերժավայի Արկադի (պատգամավոր Արկադի Համբարձումյան) որդուն պատկանող ՍՊԸ-ն է»,- ասաց փաստաբանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ վերաքննիչ դատարանը շինթույլտվությունը ճանաչի անվավեր, սակայն հնարավոր է նաև, որ մինչև հաջորդ տարվա մարտ արդեն ավարտված լինի շենքի կառուցումը, փաստաբանն ասաց. «Կավարտեն, իհարկե։ Անվավեր ճանաչելու դեպքում էլ կստացվի ամբողջությամբ ինքնակամ կառույց երևանյան այդ գեղեցիկ շենքի տեղը»։



Լուսանկարները՝ ճարտարապետ Արսեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։