«18 հիվա՞նդ».  մայրիկները, աղիքային ինֆեկցիան,  անվստահելի  ջուրն ու առողջապահության նախարարությունը
Առողջություն
16:50 26/06/2018
Հայաստան

«18 հիվա՞նդ». մայրիկները, աղիքային ինֆեկցիան, անվստահելի ջուրն ու առողջապահության նախարարությունը

Panorama.am-ն այսօր անդրադարձել էր  աղիքային ինֆեկցիայով երեխաների հիվանդացության դեպքերին: Մասնավորապես, ծնողներն  իրենց  մտահոգությունն են հայտնել՝ երեխաների շրջանում տարածված բարձր ջերմության, փորլուծության վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ երեխաների աղիքային վարակի պատճառը  ջուրն է:

Առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ երեխաների շրջանում արձանագրվել են դիզենտերիայի դեպքեր:

«Վերջին օրերին Երևանի 2 բժշկական կազմակերպությունում նկատվել էր միանման գանգանտերով երեխաների դիմելիության ակտիվություն: Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 9 երեխայի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե): Թիվը կարող է փոխվել՝ կապված ընթացիկ հետազոտությունների արդյունքների հետ»,- նշել են առողջապահության նախարարությունից:

Հրապարակումից հետո Panorama.am-ի խմբագրություն զանգահարեց երկու երեխաների մայր Զարուհին՝  նշելով, որ իր երեխաները մանկապարտեզ չեն գնում, սակայն նույն ախտանշաններն ունեն:

«Առողջապահության նախարարությունը գրել է ընդամենը 18 դեպքի մասին, սակայն իմ ունեցած տվյալներով՝ միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աղիքային վարակով  շուրջ 200 մարդ է բուժում ստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր երեխաներն արդեն 10 օր է լուծ են: 

Զարուհին ապրում է Կենտրոն համայնքում, Տիգրան ՄԵծ պողոտայում: 10 օր առաջ նրանց թաղամասի ջրամատակարարումը դադարեցվել է, իսկ երբ ջրամատակարարումը վերականգնվել է, 2,3 տարեկան երեխայի մոտ նկատվել է բարձր ջերմություն, փսխումներ, լուծ:  Նույն ախտանիշները երկու օր հետո նկատվել են 8 տարեկան աղջկա, հետո արդեն՝ իր ու ամուսնու մոտ:

«Դիմեցի պոլիկլինիկա, տեղամասի բժշկուհին ասաց, որ վերջին օրերին  տարածքի բնակիչներն այդ հարցով հաճախ են իրենց դիմում»,- ասաց նա:

Զարուհին կարծում է, որ աղիքային վարակի պատճառը ջուրն է. «Իմ երեխան ալերգիկ է, սնվում է միայն տանը, թարմ պատրաստված սնունդով, երկրորդ անգամ երեխայի կերակուրը չեմ տաքացնում: Մենք էլ դրսում ոչինչ չենք կերել, որևէ տեղ չեն գնացել, ուրիշ տեղ ջուր չեն խմել, միայն խմում ենք մեր տան ծորակի ջուրը»:

Նրա խոսքով՝ երբ երեխան ջերմել է, մտածել է, որ սովորական մրսածություն է, բայց երբ արդեն աղջկա մոտ են նույն ախտանշաններն ի հայտ եկել և տեղամասի բժիշկն էլ հաստատել է, որ աղիքային վիրուս է,  կարծում է, որ ինֆեկցիայի պատճառը միմիայն ջուրն է: 

«Ծանոթս աշխատում է «Նորք» ինֆեկցիոնում, ասաց, որ այնտեղ տեղ չկա, մոտ 200 հիվանդ դիմել է նույն գանգատներով: Դրա համար որոշեցի տանը՝ տեղամասի բժշկի ցուցումներով բուժել երեխաներիս: Բարեբախտաբար կաթիլայինի չհասանք, բայց մինչև օրս 2 տարեկան երեխաս լուծ է: ԲԱԿ անալիզ եմ հանձնել, որի պատասխանները  երկու օրից  պարզ կլինեն: Բոլոր նշանները ցույց են տալիս, որ դիզենտերիա է»,- ասաց Զարուհին:

Նրա խոսքով՝  շաբաթ օրը զանգել է Առողջապահության նախարարություն, որտեղից նախ հետաքրքրվել են՝  երեխաները մանկապարտեզ հաճախո՞ւմ են, թե ոչ. «Նախարարությունից որևէ հստակ բան չասացին, միայն ինձ խորհուրդ տվեցին, որ միրգն ու բանջարեղենը լվանամ խանութից գնած ջրով: Եւ հիմա աբսուրդ է, որ նախարարությունն ասում է՝ 18 երեխա է հիվանդանոց տեղափոխվել, երբ հիվանդանոցում տեղ չկա»:

Զարուհին դիմել է նաև «Վեոլիա» ընկերություն, որտեղից արձագանքել են՝  կարող են ծորակից հոսող ջուրը վերցնեն ու տանեն փորձաքննության: «Դա էլ է աբսուրդ: Խոսքը 10 օր առաջ խմած ջրի մասին է, հիմա ինչ հիմքով են ջուրը ստուգում»,- ասաց Զարուհին:

Նշենք, որ սոցցանցերում ծնողները շարունակում են իրենց մտագոհությունը հայտնել: Օգտատերերից մեկն արձագանքելով  Առողջապահության նախարարությանը՝ գրել է. «18 հիվա՞նդ:  Երևի վերջում մի զրո պակաս են գրել: Իմ տղան ու ծանոթների երեխաներից շատերն են դիզենտերիայով վարակվել, բայց  «Գուլիվեր»-ի հետ  կապ չունեն և ծորակի ջուր էլ չեն խմում»:

Placeholder
«18 հիվա՞նդ». մայրիկները, աղիքային ինֆեկցիան, անվստահելի ջուրն ու առողջապահության նախարարությունը