Հայաստանին նվիրված փառատոն՝ Վաշինգտոնում
Մշակույթ
13:13 28/06/2018
Հայաստան

Հայաստանին նվիրված փառատոն՝ Վաշինգտոնում

Վաշինգտոնի ազգային պուրակում նախօրեին մեկնարկել է Սմիթսոնյան հաստատության ժողովրդական կենցաղի և մշակութային ժառանգության կենտրոնի  կազմակերպած ժողովրդական և ազգային տոների, սովորույթների և կենցաղի դրվագները ներկայացնող ամենամյա «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնը։

Փառատոնն անցկացվում է 1967 թվականից, մինչ օրս ներկայացրել է ավելի քան 100 ազգերի, տարածաշրջանների ներկայացուցիչների, որոնց թվում՝ 30 հազար և ավելի երաժիշտներ, պարողներ, արհեստավորներ, խոհարարներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ։ Այս տարի փառատոնը ներկայացնում է հայկական և կատալոնական մշակութային ժառանգությունը։ ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, Հայաստանն այս տարի փառատոնի պատվավոր հյուրերի ցանկում է:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, հայկական մշակութային ժառանգությունը ներկայացում են Հայաստանից և Սփյուռքից ժամանած մեծ թվով հայրենակիցներ, որոնց թվում են արհեստագործներ, դիզայներներ, խոհարարներ,  երաժիշտներ, կատարողական արվեստի այլ ներկայացուցիչներ։

Հայկական կենցաղին և մշակութային ժառանգությանը ծանոթանալու հետ մեկտեղ՝ փառատոնի մասնակիցները կարող են նաև հայկական պարեր, փորագրել և գորգ գործել սովորել, ինչպես նաև՝ թոնիրում լավաշ թխել, խորոված, պանիր և գաթա պատրաստել:

Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր։ Այն կշարունակվի 10 օր։

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նույնպես Վաշինգտոնում է՝ մասնակցելու  «Ֆոլքլայֆ» մշակութային փառատոնի բացմանը: 

Placeholder
Հայաստանին նվիրված փառատոն՝ Վաշինգտոնում