«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել
Առողջություն
17:44 29/06/2018
Հայաստան

«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել

Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում հունիսի 26-ին 5 ամսական տղա երեխա է մահացել։ Հիվանդանոցի վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավար Աննա Չոբանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախնական ախտորոշման համաձայն՝ երեխայի մոտ հայտնաբերվել է էնտերովիրուսային վարակ, սուր միոկարդիտ, երրորդ աստիճանի սրտային անբավարարություն։

Նրա խոսքով՝ երբ երեխան տեղափոխվել է հիվանդանոց, անալիզներն անմիջապես ուղարկել են լաբորատոր հետազոտության, որի արդյունքում էնտերովիրուսը հաստատվել է:

«Երեխան մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հինգ ժամ հետո»,- ասաց Աննա Չոբանյանը:

Նշենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, նախնական արդյունքներով՝ կան վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 7-ին «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում 5 ամսական երեխա էր մահացել: Ըստ քննչական կոմիտեի՝  2018թ. հունիսի 5-ին երեխային տարել են պոլիկլինիկա, որտեղ պատվաստվել է, իսկ հունիսի 7-ին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են նույն պոլիկլինիկա, այնուհետև` «Արաբկիր» ԲՀ, որտեղ նա մահացել է: Ըստ ծնողի՝ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Placeholder
«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել