Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը. վարչապետ
Քաղաքական
18:26 29/06/2018
Հայաստան

Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը. վարչապետ

«Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ ամուր և դինամիկ զարգացող հարաբերություններով: Մեր նպատակն է, որպեսզի երկկողմ կապերն էլ ավելի խորանան և հարաբերությունները լինեն սերտ՝ առավել քան երբևէ»,- այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Ռուսաստանի մշակույթի նախարար, Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի հետ հանդիպմանը։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը:

Վլադիմիր Մեդինսկին հույս է հայտնել, որ երևանյան ֆորումը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը՝ տնտեսության, մշակույթի, հումանիտար և այլ ոլորտներում: ՌԴ պատվիրակության ղեկավարն առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզերի և տարածաշրջանների միջև գործարար կապերի խթանմանը միտված միություն ստեղծելու հնարավորությունը, ինչը կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու  համատեղ նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: Պարոն Մեդինսկին կարևորել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ինչպես միջտարածաշրջանային տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, այնպես էլ ֆիլմարտադրության խթանմամբ ու մշակութային ոլորտում համագործակցության ընդլայնմամբ: Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին՝ վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանից ՌԴ արտահանումների ծավալներն ունեն դինամիկ զարգացում և հույս հայտնել, որ առաջիկայում այդ տեմպերը կշարունակեն ոչ միայն պահպանվել, այլ նաև ավելանալ:    
Կողմերն անդրադարձել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի:
 

Placeholder
Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը. վարչապետ