Սննդագետը բացատրում է, ինչպես սնվել ու չթունավորվել
Առողջություն
13:00 30/06/2018
Հայաստան

Սննդագետը բացատրում է, ինչպես սնվել ու չթունավորվել

Հայաստանում վերջին օրերին աշխուժացել են էնտերովիրուսային վարակները: Ջերմության բարձրացում, թուլություն, ուժեղ գլխացավ, լորձաթաղանթի բորբոքում, որովայնում ցավեր, սրտխառնոց, փսխում, քրտնարտադրություն, դող. այս նշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկին: Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ:

Աղիքային վարակների, այդ թվում և դիզենտերիայի ակտիվացմանը նպաստում են նաև եղանակային ներկա պայմանները: Առաջիկա օրերին էլ Երևանում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գերազանցելու է 40 աստիճանը:

Ինչպես սնվել շոգին, որպեսզի առողջական նման խնդրի առաջ չկանգնեն: Այս հարցով Panorama.am-ը  դիմեց սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանին: Բանաձևը պարզ է՝ խմել շատ հեղուկներ, առանց կամ քիչ շաքարով, ուտել բանջարեղեն, մրգեր, խուսափել ուշ ժամերին սնվելուց: Ճիշտ սնվելուց բացի պետք է մեծ ուշադրություն դարձնել սննդամթերքի անվտանգության խնդրին:

«Շոգը թունավորումների համար «հիանալի» պայմաններ է ստեղծել, բարձր ջերմաստիճանի պայմաններում միկրոօրգանիզմները շատ արագ բազմանում են մասնավորապես կենդանական ծագման սննդամթերքի մեջ: Այս պարագայում  շատ կարևոր է սննդամթերքը պատրաստել ջերմային ռեժիմի պայմանների խիստ պահպանմամբ»,-ընդգծեց սննդագետը:

Նա զարմացած է. ուշ երեկոյան քաղաքում զբոսնելիս տեսել է՝ սրճարաններում, ռեստորաններում  մարդիկ մինչև կեսգիշեր նստած սնվում են, իսկ լցնովի պաղպաղակի ապարատների մոտ մեծահասակների ու երեխաների հերթեր են լինում:

«Տեսնում ես ուշ ժամի նստած սրճարանում գարեջուր են խմում, հետո պաղպաղակ են ուտում, հետո՝ մի ուրիշ բան: Հիշեցնեմ, որ գարեջուրը, գինին խմորում անցնող մթերքներ են, հետևաբար այս շոգ եղանակին նախասիրությունները պետք է փոխել: Բացի այդ, այգիներում ուշ ժամերին երեխաներին չիփսեր են տալիս, գազավորված ըմպելիքներ, պաղպաղակներ: Չի կարելի: Չպետք է ընդառաջել երեխաների ցանկությանն ու թույլ տալ լցնովի պաղպաղակ ուտել, դա ջերմամշակման չենթարկված սնունդ է, երբեմեն էլ սանիտարական պայմանները չեն պահպանվում, վաճառողն առանց ձեռնոցների է, առանց համապատասխան հագուստի»,-փաստեց  մասնագետը:

Պիպոյանի խոսքով, անկախ տարվա եղանակից պետք է հետևել կանոնավոր սնվելու ռեժիմին, առավել զգոն պետք է լինել հատկապես երեխաների դեպքում: Հիմա մրգերի ու բանջարեղենի  շատ լավ սեզոն է, պետք է շատ ուտել, սակայն մրգերը պետք է օգտագործել որպես ետճաշիկ նախաճաշից հետո՝ 11:30-13-ն ընկած հատվածում ու ժամը 15-ից հետո, բայց  ոչ ուշ ժամերին:

Սննդագետը խորհուրդ է տալիս օգտվել ամռան ընձեռած մատչելի  ու առողջ սնվելու հնարավորությունից, հաճախ պատրաստել թարմ բանջարեղենի աղցաներ, խորովել սմբուկ ու պղպեղ, խուսափել մսի ու մսամթերքի հաճախ օգտագործումից:

«Հաջորդ կարևոր խնդիրը՝ շոգի պայմաններում օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ հեղուկով ապահովելն է, պետք է խմել շատ ջուր, քիչ շաքարով մրգահյութեր, սառը նեկտարներ, կոմպոտներ, սա նաև մաշկի համար է շատ կարևոր: Սառը սուրճն էլ պետք է խմել առանց շաքարի»,-խորհուրդ տվեց  նա:

Առողջապահության նախարարությունն էլ հիշեցնում է՝ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`
•պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի և փռշտալու հիգիենան), հատկապես նորածինների խնամքի պարագայում,
• միրգը և բանջարեղենը լավ լվանալ,
• խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
• բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել։

Placeholder
Սննդագետը բացատրում է, ինչպես սնվել ու չթունավորվել