Կառավարության նիստերի դահլիճում հայկական արտադրության համակարգիչներ կգործեն
Տնտեսություն
17:59 04/07/2018
Հայաստան

Կառավարության նիստերի դահլիճում հայկական արտադրության համակարգիչներ կգործեն

Գործադիրի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ իրենց առջև տեղադրված են հայկական արտադրության համակարգիչներ:

«Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում ոչ միայն ծրագրային ապահովման, այլև կոնկրետ արտադրանքի իմաստով»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովում ևս պետք է նման փոփոխություն տեղի ունենա:

«Պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևս տեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի հնարավորություն կա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՀՀ բոլոր քաղաքացիներին գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը:

«Դա և՛ հաճելի է, և՛ շահավետ, և՛ մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,- ասել է վարչապետը:

Placeholder
Կառավարության նիստերի դահլիճում հայկական արտադրության համակարգիչներ կգործեն