Դարեն Արոնոֆսկին Վարդավառ խաղաց Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում
Մշակույթ
10:09 09/07/2018
Հայաստան

Դարեն Արոնոֆսկին Վարդավառ խաղաց Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում

Նախօրեին Արամ Խաչատրյան համերգասրահում  տրվեց «Ոսկե ծիրան» երևանյան 15-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը։

Հանդիսավոր արարողության սկզբում ցուցադրվեց փառատոնի 15 տարվա պատմությունն ամփոփող տեսանյութ,  ելույթ ունեցան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանը և այլ արտիստներ: Ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Արարողության ընթացքում ցուցադրվեցին փառատոնի պատվավոր հյուր, ամերիկյան հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր Դարեն Արոնոֆսկու ֆիլմերի թրեյլերները: Արոնոֆսկուն բերեց բեմ: Նախքան այդ բեմում հայտնվեց Սև կարապը՝ ներկայացնելով հիանալի պար։

«Պարզվեց,  այսօր ձեզ մոտ ջրի տոն է, մեղքերն են  լվացվում, ինչը շատ լավ է, գեղեցիկ»,- իր խոսքում ասաց նա, ապա ձեռքի շշից ջրով ցողեց առաջին շարքերում նստած հյուրերին, նաև իր վրա:

Նշենք, որ փառատոնն ունի երկու հիմնական մրցութային անվանակարգ՝ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ և Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ: Յուրաքանչյուր անվանակարգում կներկայացվի 12 լիամետրաժ ֆիլմ: Ֆիլմերը դիտելու և մրցանակակիրներին որոշելու համար հրավիրվել է միջազգային ժյուրի՝ յուրաքանչյուր ժյուրիի կազմում՝ 5 անդամ:
«Հայկական համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագրում կներկայացվի տեղացի և սփյուռքահայ կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերի ծավալուն ծրագիր:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, 2018 թվականին առաջին անգամ փառատոնի շրջանակում կանցկացվի «Կինոյի արդյունաբերական օրեր» ծրագիրը, որը կկոչվի «GAIFF-PRO», և ներառում է առաջին կինոշուկան մեր տարածաշրջանում:

«Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրի շրջանակում տեղի կունենան Կաննի, Բեռլինի, Ռոտերդամ Լոկարնոյի, Վենետիկի հեղինակավոր միջազգային կինոփառատոների գլխավոր մրցանակներին արժանացած լավագույն ֆիլմերի պրեմիերաները: Այս ծրագրում ընդհանուր առմամբ կցուցադրվի 15 ֆիլմ:

Արտամրցութային առանձին ծրագրեր նվիրված կլինեն տարբեր երկրների ժամանակակից կինոյին: «Հարգանքի տուրք» ծրագրում Ինգմար Բերգմանի 100-ամյա հոբելյանի առիթով կցուցադրվեն ֆիլմեր անվանի ռեժիսորի մասին և հեղիանկի ֆիլմերը:

«ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել տարածաշրջանի շուրջ 30 կինոգործչի: Երևանում և Գյումրիում կցուցադրվի տարածաշրջանում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերի ընտրանին: Կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում` համատեղ արտադրությունների և միասնական կինոշուկա ունենալու վերաբերյալ:
Առանձին ծրագիր կներկայացվի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք ճանաչված Գորիս քաղաքում:        
      
Նախատեսվում է Ֆրանկոֆոն երկրների ֆիլմերի ընդարձակ ծրագիր, որն իրականացվելու է համապատասխան երկրների դեսպանությունների հետ համատեղ:

Վարպետության դասերով հանդես կգան տարբեր միջազգային կինոդպրոցների մասնագետներ, հանրաճանաչ կինոգործիչներ: Հիմնական վարպետության դասերը տեղի կունենան «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունում:

Ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել 150 ֆիլմ և հյուրընկալել շուրջ 200 միջազգային և տեղացի կինոգործիչների։

Placeholder
Դարեն Արոնոֆսկին Վարդավառ խաղաց Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում