Ինսուլտների, սրտամկանի ինֆարկտով հիվանդների թիվն ու շտապօգնության կանչերն ավելացել են
Առողջություն
14:37 12/07/2018
Հայաստան

Ինսուլտների, սրտամկանի ինֆարկտով հիվանդների թիվն ու շտապօգնության կանչերն ավելացել են

Սրտանոթային հիվանդների դիմելիությունը սրտաբաններին՝ պայմանավորված աննախադեպ շոգ եղանակով, վերջին շրջանում զգալի ավելացել է: Շտապօգնության կանչերի թիվը նույնպես ավելացել է, և հիվանդների թվում` հատկապես շատ են  սրտանոթային հիվանդություններ ունեցողները:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում օրական սպասարկում են  միջինը 730 կանչ, մինչդեռ մինչ այս շոգերն, օրական ունեցել են 650-680 կանչ:

Բացի այդ, ըստ նրա, 25 տոկոսով ավելացել են նաև հոսպիտալացման դեպքերը, մինչդեռ նախկինում հիվանդանոց տեղափոխված անձանց թիվը միջինը կազմել է 18-20 տոկոս:

«Օր է եղել, երբ հոսպիտալացման դեպքերը հասել են 30 տոկոսի, ինչն աննխադեպ է:  Օրինակ՝ հուլիսի 4-ին գրանցվել է 772 կանչ, արդյունքում` 209 մարդ  հոսպիտալացվել է: Ըստ միջին վիճակագրության՝  օրական 130-140 մարդ է հոսպիտալացվում»,- ասաց  «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը:

Կանչերի թվում առաջին տեղում են սրտանոթային, ապա սուր շնչառական հիվանդություններն ու տարբեր տեսակի վիրուսները: Վերջին շրջանում ավելացել են աղիքային վարակի կասկածով հիվանդների հոսպիտալացման դեպքերը:

Թագուհի Ստեփանյանն ասաց, որ կանչերի թվի ավելացումով պայմանավորված, ծառայությունն  աշխատում է գերբեռնված ռեժիմով: Նրա խոսքով՝ իրենք կանչը մերժելու իրավունք չունեն, բայց շատ հաճախ են լինում դեպքեր, երբ կանչն անարդյունավետ է: Նա նշեց, որ գլխացավի, թույլ ջերմության և այլնի դեպքում անհրաժեշտ է դիմել ընտանեկան բժիշկներին կամ տարածքային պոլիկլինիկա, սակայն մարդիկ միանգամից  շտապօգնություն են կանչում:

«Հասկանում եմ՝  շոգ է, հնարավոր է, որ նաև այդ պատճառով մարդիկ չեն գնում իրենց ընտանեկան բժշկի մոտ, բայց ուզում եմ մարդկանց խնդրել, որ անհրաժեշտության դեպքում շտապօգնություն կանչեն: Գերծանրաբեռնված ենք աշխատում, և անհրաժեշտ է, որ շտապօգնության մեքենաները կարողանան ժամանակին հասնել իսկապես կարիք ունեցողների մոտ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում սրտաբան Մարինա Օրդյանը նշեց, որ սովորաբար սիրտ-անոթային հիվանդություններն ամռանը սրվում են, սակայն այս տարի աննախադեպ շոգի պատճառով ավելացել են սրտամկանի ինֆարկտով և զարկերակային ճնշման խնդիրներով սրտաբաններին դիմող հիվանդների թիվը։

Նրա խոսքով՝  եթե նախորդ տարիներին սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդների մոտ սրացումներ դիտվում էր հուլիսի կեսերից օգոստոս ընկած ժամանակահատվածում, ապա այս տարի՝  հունիսի 10-ից սկսած նրանց մոտ արդեն բարդություններ են նկատվում:

«Ավելացել է ինսուլտների և սրտամկանի ինֆարկտով հիվանդների թիվը:  Դա պայմանավորված է  նրանով, որ շոգ եղանակին ավելանում է քրտնարտադրությունը, և եթե օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ հեղուկ, ջրազրկվում է և արյան խտացման հետևանքով սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ առաջանում են թրոմբներ: Դրա հետևանքով սրտի և ուղեղի անոթները խցանվում են, ինչն էլ իր հերթին առաջացնում է սրտամկանի ինֆարկտ և ինսուլտ»,- ասաց Մարինա Օրդյանը:

Սրտաբանի խոսքով՝ սրտանոթային հիվանդություն ունեցողները պետք է բավարար քանակությամբ հեղուկ օգտագործեն: Բավարար քանակությունը առողջ մարդկանց համար 2-2,5 լիտրն է, իսկ սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար 1,5-2 լիտր, սակայն, ըստ նրա, հիվանդները պարտադիր պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ՝ հասկանալու համար, թե ինչ քանակի ջուր կարող են օգտագործել:

«Պետք է խմել միայն ջուր կամ հանքային ջուր: Չի կարելի օգտագործել  գազավորված ըմպելիքներ, հյութեր»,- ընդգծեց նա:

Սրտանոթային հիվանդներին նաև խստիվ հակացուցված է ցերեկային ժամերին՝ ժամը 11։00-17։00-ի սահմաններում գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ, իսկ եթե նման անհրաժեշտություն կա, ապա պարտադիր պետք է կրել գլխարկ, գլխաշոր կամ հովանոց:

Մարինա Օրդյանը նշեց նաև, որ շոգ եղանակին պետք է վերանայվեն դեղերի չափաբաժինները, որպեսզի զարկերակային գերճնշում ունեցողների ճնշումը կտրուկ չընկնի. «Եթե շարունակեն խմել նույն չափաբաժնով, ճնշումն ավելի շատ կընկնի, իսկ ցածր ճնշումը շոգ եղանակին  նույնպես վտանգավոր է, այն կարող է հանգեցնել իշեմիկ ինսուլտի»:

Ինչ վերաբերում է ֆիզիկական ակտիվությանը, սրտաբանն ասաց, որ սրտանոթային խնդիրներ ունեցողները շոգ եղանակին պետք է սահմանափակեն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Նա նաև նշեց, որ շոգ եղանակին երկար ժամանակ նույն դիրքում  չի կարելի նստել,  քանի որ անշարժ նստելու հետևանքով  կարող է արյան կանգ  առաջանալ  ոտքերում: Օրվա ընթացքում համակարգչի առջև շատ ժամանակ անցկացնողներին սրտաբանը խորհուրդ տվեց՝  ժամը մեկ սենյակում քայլել, նստած ժամանակ ոտնաթաթերի վարժություններ անել՝  ստորին վերջույթների արյան հոսքը կարգավորելու համար:

Placeholder
Ինսուլտների, սրտամկանի ինֆարկտով հիվանդների թիվն ու շտապօգնության կանչերն ավելացել են