Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տեր Վահրամ. Այսօր կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրը
«Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով»: Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը:
Նա հիշեցնում է հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարություն-որոշումը. «Ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո»։
«Դատապարտելով հանդերձ նախաձեռնության այս ընթացքը հույսը չենք կորցնում և աղոթում, որ Աստված, Իր ողորմությանն արժանի անելով, լուսավորի իմաստությամբ` բարին խորհելու, խոսելու և գործելու»,-գրել է նա:
Արձագանքելով տեղի ունեցածին, Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրել է.
«Կանոնական տեսանկյունից պաշտամունքային վայրում և հատկապես վանքում աղոթական մթնոլորտի գիտակցված խաթարումն արժանանում է ՆԶՈՎՔԻ և ԱՆԵԾՔԻ: Ներողամտության և համբերության պաշարն այլևս սպառված է: Որևէ նմանատիպ պահվածք, անկախ շարժառիթներից, պաշտամունքային վայրերում և եկեղեցիներում արժանանալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԶԻՆՎՈՐՅԱԼ միաբանության և հոգևորականների կոշտ արձագանքին»: