Երևանը՝  աղբի մեջ
Հասարակություն
17:14 13/07/2018
Հայաստան

Երևանը՝ աղբի մեջ

Երևանի ցանկացած վարչական շրջանում ամեն քայլափոխի աղբակույտեր են ու լի աղբամաններ: Ձմերուկի սեզոնին, +42 աստիճանի շոգի պայմաններում աղբամանների կողքը կեղտաջրի լճակներ են գոյացել, դրանց վրա էլ՝  ճանճերի, մոծակների, մլակների հոծ բազմություն: Առնետներ տեսնողներ  էլ են եղել: Աղբամանների հարակից տարածքներն էլ լցվել են աղբով, քամին դրանցում եղած թեթև տոպրակներն ու այլ տարաները քշել, տարել է:

Քաղաքացիները դժգոհում են՝ բացի վատ աղբահանությունից, նաև աղբամանների թիվն է կրճատվել: Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 1-ին, 5-րդ փողոցներում, կամուրջի հարևանությամբ եղած աղբամաններն անհետացել են:

«Արդեն մեկ շաբաթ է՝ Ներքին Չարբախում աղբամանների թիվը զգալիորեն կրճատվել է:  Հիմա բնակիչները աղբը թողնում են աղբամանների նախկին տեղում:  Բարեկիրթներն էլ, աղբը ձեռքներին, այնքան են պտտվում մինչև մի աղբաման գտնեն: Գտնելուց էլ էլի կողքն են դնում»,-Panorama. am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Նրանք զանգահարել են «Սանիթեք» ընկերության թեժ գիծ, պատասխանել են, որ դրանց տեղադրման հարցով  զբաղվում է թաղապատերանը: Խոստացել են բողոքը փոխանցել վարչական շրջանի աշխատակազմ, օրեր անց էլ խնդիրը չի լուծվել:

Panorama.am-ը փոքրիկ շրջայց կատարեց Կենտրոնի  փողոցներում: Մինչ մենք լուսանկարում էինք կուտակված աղբը, քաղաքացիները մոտենում էին ու դժգոհություններ հայտնում: 
«Եվ սա պետության մայրաքաղա՞ք է», -նկատեց տարեց մի տղամարդ:

Քաղաքապետարանից Panorama.am-ին ասացին, որ աղբահանության խնդրի մասով կարող է խոսել միայն «Սանիթեք»-ը:

«Սանիթեք» ընկերության թեժ գծի (8090) 301 օպերատորն ասաց տեխնիկական խնդիր է, իրենք էլ դժգոհություններ են ստանում: Այլ մանրամասներ հայտնելու իրավասություն, ասաց, չունի, խնդրեց զանգահարել՝  011 200 331 հեռախոսահամարով: Այստեղ էլ պատասխանող չեղավ: Ընկերության ֆեյսբուքյան էջին ուղղված նամակ-հարցումն էլ անպատասխան է:

Լուսանկարներն արվել են Երևանի տարբեր հատվածներում:

























Placeholder