Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել մանկապարտեզն ավարտած երեխաների աշխատող ծնողներին. Բախշյան
Կրթություն, գիտություն
19:18 13/07/2018
Հայաստան

Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել մանկապարտեզն ավարտած երեխաների աշխատող ծնողներին. Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ իրենց խմբակցությունը բազմաթիվ բողոքներ է ստանում աշխատող ծնողներից, որոնց երեխաները մանկապարտեզների ավագ խմբերի ավարտական հանդեսներից հետո տնօրենների ցուցումով մանկապարտեզներ այլևս չեն հաճախում։

Բախշյանը դիմել էր Երևանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով ընդառաջել և ավագ խմբի երեխաներին հանդեսներից հետո թույլատրել հաճախել մանկապարտեզ՝ ծնողներից գանձելով համապատասխան գումարը։

Քիչ առաջ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը պատրաստակամ է աջակցել աշխատող ծնողներին։

Գրառման մեջ մասնավորապես նշված է.

«Մանկապարտեզների ավագ խմբերի երեխաների հարգելի ծնողներ, հենց նոր ստացա քաղաքապետի տեղակալ պարոն Սուքիասյանի պատասխանն այն մասին, որ աշխատակազմի հանրակրթության վարչությունը պատրաստակամ է աջակցել ձեզ: Իհարկե պարոն Սուքիասյանը չի պարզաբանել, թե ինչ է նշանակում այդ աջակցությունը, արդյո՞ք իրենց պիտի դիմեք, թե ուղիղ մանկապարտեզի տնօրենին, պիտի այդ օրերի համար լրացուցիչ վճարեք, թե՝ ոչ, բայց «պատրաստակամ» բառը հուսադրող է, ենթադրում եմ, որ նշանակում է կարող եք երեխաներին տանել մանկապարտեզ»։

Placeholder