Մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթական համակարգը լավն է. Արայիկ Հարությունյան
Կրթություն, գիտություն
16:29 19/07/2018
Հայաստան

Մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթական համակարգը լավն է. Արայիկ Հարությունյան

Դպրոցները փորձում են լիցենզիաները համապատասխանեցնել իրենց ունեցած հզորություններին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դպրոցներում վերանորոգումներ են սկսվել, փորձում են  մասնաշենքերը համապատասխանեցնել շենքային հնարավորություններին:

«Իհարկե սա ժամանակավոր լուծում կլինի: Հաջորդ տարիներին, երբ լինի էլեկտրոնային գրանցում, դպրոցներն այլևս հնարավորություն չեն ունենա մեծ քանակությամբ, իրենց լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունել: Ավելին, այն դպրոցները, որոնք այս պահին գերազանցում են աշակերտների թվով՝ իրենց սահմանված լիցենզիաներով նշված թվերը, նրանց հաջորդ տարի պարզապես կարող է թույլ չտրվի ունենալ ընդունելություն, մինչև կմարի ավագ դպրոցի կամ բարձր դասարանների աշակերտների թիվը, և նոր հնարավորություն կունենան ընդունելություն կազմակերպել»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ տարրական կրթական ծրագիրն իրականացնելու համար դպրոցը պետք է ունենա լիցենզիա. «Առաջին, երկրորդ երրորդ հերթի հարց չի քննարկվում այս պահին, քանի որ հերթերի սահմանման  հետ կապված կարգն այնքան էլ հստակ չէ, և մենք դա էլ կհաստակեցնենք: Մեր նպատակն է, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով, արդյունքում,  ծնողների բազմաթիվ բողոքները չեն լինի: Սրանով նաև կլուծվի դպրոցների բեռնաթափման հարցը և մրցակցություն կառաջանա»:

Անդրադառնալով մինչև 10 աշակերտ ունեցող դպրոցների ճակատագրին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ դպրոցներն այս պահին գործում են, և փորձագետները նախագծեր են ներկայացնում:

«Նախորդ կառավարությունների ժամանակ, երբ փակում էին այդ դպրոցները, ասում էին, որ ֆինանսապես արդյունավետ չեն և դրա փոխարեն գումարը կարող են տրամադրել այլ դպրոցների, իսկ երեխաներին էլ մեքենաներով կտեղափոխեն այդ դպրոցները: Մենք կարծում ենք, որ ֆինանսական արդյունավետության հարցը կարող ենք լուծել հետևյալ կերպ, երբ տվյալ փոքր և հեռավոր համայնքներում ստեղծենք կրթամշակութային կենտրոններ, որն իր մեջ կներառի դպրոց, նախակրթարան, մանկապարտեզ, մշակութային կենտրոն: Ըստ էության, դա կդառնա տվյալ համայնքի կարևորագույն կենտրոններից մեկը»,- նշեց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝   Հայաստանում ընդհանուր կրթական ցենզը շատ է ընկել, այդ թվում՝  նաև մեծահասակների շրջանում: Միջնաժամկետ կտրվածքով , ըստ նրա, նախատեսում են, որ տվյալ կրթական կենտրոնները նաև կրթական ծառայություններ կմատուցեն մեծահասակներին:

Պատասխանելով  մեկ այլ հարցի, թե հասարակության մի մասը ցանկանում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, նախարարն ասաց, որ այդ դեպքում հասարակության մի մասը պետք է ունենա կրթության և գիտության նոր նախարար:  «Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և հասարակության այդ հատվածին, չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթական համակարգը լավն է»,-ասաց նա:

 

Placeholder
Մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթական համակարգը լավն է. Արայիկ Հարությունյան