Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ նախագահը, մարդու իրավունքների պաշտպանն ու նախարարներն այցելել են թիվ 92 ներառական մանկապարտեզ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզ:
Օրենսդիր մարմնի ղեկավարն ու կառավարության ներկայացուցիչները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների և մասնագետների հետ:
ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանում առաջին անգամ ներառական կրթության նոր մոդելով մանկապարտեզն իր դռներն է բացել հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար 2015 թվականին: Մանկապարտեզի վերակառուցումն ու հարմարեցումը կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար իրականացվել է պետության, Երևանի քաղաքապետարանի և բարեգործական հիմնադրամների համատեղ ջանքերով: Այնտեղ ստեղծված են բոլոր պայմանները երեխաների առողջապահական, սոցիալական և կրթական կարիքների բավարարման համար:
Մանկապարտեզն ընդունել է թվով 42 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ` թեթև, միջին և ծանր զարգացման խնդիրներով: Մանկապարտեզ ընդունվելուց առաջ մինչև 3 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները թիվ 9 մանկական պոլիկլինիկայում առողջապահության նախարարության ծրագրի շրջանակներում անցնում են զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության փուլեր: Արդեն 3 տարեկան այն երեխաները, որոնք բժշկի և մանկավարժահոգեբանական թիմի գնահատմամբ կարող են անմիջապես ներառվել խմբերում, հաճախում են մանկապարտեզում գործող 6 խմբեր:
Ըստ աղբյուրի, Արա Բաբլոյանը նշել է, որ այցի նպատակն է ծանոթացնել բազմաֆունկցիոնալ մանկապարտեզի մոդելին: Նրա խոսքով` մանկապարտեզի օրինակը փաստում է, որ հաշմանդամության վաղ հայտնաբերման և միջամտության մասով լավագույն արդյունքներ կարելի է ունենալ, եթե առկա է սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտների միջգերատեսչական համագործակցություն` համայնքային մարմինների ակտիվ մասնակցությամբ: Մյուս կողմից էլ, օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ մոդելը ընտանիքակենտրոն է, քանի որ այդ պարագայում զարգացման խնդիրներ ունեցող երեխաները շարունակում են մնալ ու ապրել իրենց ընտանիքներում:
ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն անդրադարձել է ներառական կրթության համակարգում առկա խնդիրներին` նշելով, որ իր համար առաջնայինը ոլորտին ծանոթանալն ու խնդիրները վեր հանելն է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին, կարևորել է մասնագետների աշխատանքը հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում: Նա բարձր է գնահատել Արա Բաբլոյանի հետևողական աշխատանքը ոլորտի խնդիրները վեր հանելու ու լուծումներ առաջարկելու հարցում:
Մանկապարտեզի անձնակազմի հետ զրույցում Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել՝ կարևորելով վերջիններիս պատասխանատու աշխատանքը: