Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն
Քաղաքական
12:14 19/07/2018
Հայաստան

Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն

«Չեմ ասի՝ կհրաժարվեմ, կքննարկենք և առաջիկա օրերին  կհայտարարենք»,- այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է  իր թեկնածությունն առաջադրի  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում:

«Եթե ես որոշեմ իմ թեկնածությունը դնել, ապա ավելի վաղ կհայտարարեմ»,- ընդգծեց նա:

Նշենք, որ օրեր առաջ լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն  Հայրապետյանը հրաժարական է տալու, սակայն հետագայում այն հերքվեց: Լրատվամիջոցների հետ զրույցում նա նշել էր, որ եթե Արթուր Վանեցյանն առաջադրվի, ինքը չի առաջադրվի:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ԱԱԾ տնօրենը ճանաչո՞ւմ է Ռուբեն Հայրապետյանին և հանդիպել է նրա հետ,   Արթուր Վանեցյանն ասաց, որ այդ հայտարարությունից հետո մեկ անգամ նրա հետ կարճ հանդիպում է ունեցել: 

Դիտարկմանը, թե շահերի բախում չի տեսնում, որ ուժային կառույցի ղեկավարը լինի նաև ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնը  ստանձնելու վերջնական որոշում դեռևս չունեմ: Չեմ թաքցնի՝ ցանկություն ունեմ և մտածում եմ այդ ուղղությամբ, պատրաստ եմ առաջադրվել, իսկ թե կընտրվեմ, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինել ՀՖՖ նախագահ: Առաջադրումը պետք է լինի բարձրագույն լիգայում խաղացող ակումբների կողմից: Եթե կցանկանան միասնական թեկնածու առաջադրել և կտեսնեն ինձ, ես սիրով կընդունեմ այդ առաջարկը»: 

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՖՖ գործկոմի կազմում են Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը և այլ ՀՀԿ-ականներ, ԱԱԾ տնօրենն ասաց, որ գործոմի կազմն ամբողջությամբ կփոխվի:

Ւսկ այն հարցին, թե Հայաստանի հավաքականի երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնում են Յուրի Ջորկայեֆին, պատրա՞ստ է արդյոք զիջումների գնալ, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ այո:


 

Placeholder
Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն