Թալին-Լանջիկ հատվածում 1200մ փռված բետոնը կքանդվի
Տնտեսություն
16:23 25/07/2018
Հայաստան

Թալին-Լանջիկ հատվածում 1200մ փռված բետոնը կքանդվի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։

Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են արվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։

Նախարարի առաջին կանգառը 1200մ արդեն փռված փորձնական բետոնի տեղամասում էր։

Նախարարությունից հայտնում են, որ որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության պատասխանատուները, մանրամասնելով իրավիճակը, նշել են, որ որակի թեստավորման արդյունքներով փորձնական բետոնապատումը չի համապատասխանում առաջադրված ստանդարտներին և ենթակա է քանդման։

Չինական կողմը ևս ընդունում է, որ անորակ աշխատանք է կատարվել։ Ճիշտ է, որոշ պատճառաբանություններ է ներկայացնում՝ կապված բնակլիմայական պայմանների և այլնի հետ, բայց համաձայն է տրված եզրահանգմանը։ Ուստի, առաջիկայում այն կքանդվի և աշխատանքներ կտարվեն նոր, որակով բետոնապատում կատարելու ուղղությամբ։
Նախարար Աշոտ Հակոբյանն ընդգծեց, որ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող այս ճանապարհի շինարարությունը մեր երկրի ղեկավարության ու ժողովրդի ուշադրության կենտրոնում է, և ամեն ինչ պետք է արվի աշխատանքները նախանշված ժամկետներում և որակով իրականացնելու համար։

Աշոտ Հակոբյանը հանձնարարել է արագացնել տեմպերը՝ խստագույնս պահպանելով ճանապարհի շինարարության համար նախատեսված նորմատիվային բոլոր պահանջները։

Placeholder
Թալին-Լանջիկ հատվածում 1200մ փռված բետոնը կքանդվի