ԱՄՆ դեսպանությունը խորացնում է անգլերենի ուսուցումը Հայաստանի մարզերում
Կրթություն, գիտություն
19:25 25/07/2018
Հայաստան

ԱՄՆ դեսպանությունը խորացնում է անգլերենի ուսուցումը Հայաստանի մարզերում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը համաձայնագիր է ստորագրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանի հետ, որի  համաձայն ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման  Access միկրոկրթակթոշակային ծրագրով   կկազմակերպվեն 2 տարի տևողությամբ անգլերենի խորացված ուսուցման արտադպրոցական ինտենսիվ պարապմունքներ:

  Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս թարմացված նախաձեռնությամբ անգլերենի իմացության կատարելագործման ու առաջնորդման հմտությունների զարգացման հնարավորություն կունենան 15 մարզային համայնքների 13-18 տարեկան 500 աշակերտներ: Պարապմունքները կանցկացվեն հանրակրթական դպրոցների շենքերում կամ համայնքային կենտրոններում, ինչպիսին է օրինակ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում:

 Համաձայնագրով ծրագրի իրականացմանն ուղղվող 411.000  ԱՄՆ դոլարը, որը ներառում է ԱՄՆ դեսպանության կողմից հատկացվող 300.000 ԱՄՆ դոլարը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից տրվող 111.000 ԱՄՆ դոլարը կապահովեն ծրագրի իրականացումը մինչև 2021թ.:

Սա Հայաստանում 2011թ. մեկնարկած ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման Access միկրոկրթակթոշակային ծրագրի նոր փուլն է: Մինչ այժմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և մեկ այլ գործընկեր կազմակերպության՝ Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլի իրականացրած աշխատանքների արդյունքում այս ծրագրով կազմակերպված անգլերենի դասընթացներին մասնակցել են 580 հայ դպրոցականներ:

 

Placeholder