Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 4 մեդալ
Կրթություն, գիտություն
17:18 30/07/2018
Հայաստան

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 4 մեդալ

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային (International Mathematics Competition) Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: ԵՊՀ-ն ներկայացված է եղել 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը՝ արծաթե մեդալների:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օլիմպիադան անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Արսեն Համբարձումյանն անհատական հաշվարկում կիսել է պատվավոր 12-13-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 4-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար. մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 7-րդ տեղը:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն է եղել: ԵՊՀ թիմը մարզել են Վարդան Ոսկանյանը և Կարեն Քեռյանը:

Այն անցկացվել է հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում, մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից):

Աղբյուրը նշում է, որ Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Պետերբուրգի պետական համալսարանի թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Իսրայելի ազգային և Պիզայի բարձրագույն նորմալ դպրոցի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին:
 

Placeholder
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 4 մեդալ