Նիկոլ Փաշինյան. Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք
Տնտեսություն
14:25 02/08/2018
Հայաստան

Նիկոլ Փաշինյան. Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք

Գործադիրի որոշմամբ  ներդրումային ծրագրի շրջանակում «Լենտեքս» ՍՊԸ-ն  կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է  կատարել 1.98 մլրդ ՀՀ դրամի  ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով:

Կառավարությունից մանրամասնում են, որ «Լենտեքս»-ը կարտադրի  բարձր որակի տրիկոտաժե քաթաններ՝ հագուստեղեն կարելու համար։  Արդյունքում՝ կստեղծվի 60 նոր աշխատատեղ` 80 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգման արտոնությունից կօգտվի նաև «Հելլո» ՍՊԸ-ն. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընկերությունը մտադիր է տրիկոտաժի արտադրության ոլորտում կատարել 370.8 մլն ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում մինչև 2021 թվականը կստեղծվի 30 նոր աշխատատեղ՝ 106 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ներկայումս ընկերությունում աշխատում է 105 մարդ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ընկերություններին նման արտոնություններ տրամադրելու քաղաքականությունը հասկանալի է, բայց ամեն անգամ որոշակի հարցադրումներ են լինում դրանց տրամադրման հիմնավորումների շուրջ:

«Նախորդ նիստում պարզաբանեցինք, որ որոշակի սանդղակներ են գործում, սակայն հնչում են հարցեր, թե որքանով են օբյեկտիվ դրանք: Ընդհանուր առմամբ, ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք՝ նոր աշխատատեղերի ստեղծումն է, ոլորտի զարգացումը: Առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն քննարկում կունենանք, թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացը պետք է կազմակերպվի չափազանց թափանցիկ, որպեսզի չխաթարվի վստահության մթնոլորտը որևէ գործընթացի նկատմամբ:

Placeholder
Նիկոլ Փաշինյան. Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք