Բագրատ Ասատրյան. Հնարավոր է տարին փակենք ներգաղթով
Տնտեսություն
13:05 08/08/2018
Հայաստան

Բագրատ Ասատրյան. Հնարավոր է տարին փակենք ներգաղթով

ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այս տարվա առաջին վեց ամիսների վերաբերյալ հրապարակված  ցուցանիշներում և դրական, և անհանգստացնող բաներ է տեսնում:

«Արտահանում-ներմուծում հարաբերակցության շեղումը դեպի ներմուծում անհանգստացնող է: Իմ կարծիքով, ամենաբացասական բանն է, ու պետք է քննարկման առարկա դառնա կառավարության համար»,-ասաց Բագրատ Ասատրյանը «Ներառող տնտեսություն կառուցելու ճանապարհին․ պաշտոնական տվյալներն ու կառավարության քայլերը» թեմայով քննարկման ժամանակ:

Նրան ուրախացրել է, որ ապրիլ-մայիսին նկատված դրամական միջոցների արտահոսքը, տրանսֆերտների կրճատումը չեն շարունակվում: Մայիսից, ըստ նրա, ֆինանսական շուկայում կայունություն է:

«Արտահոսքը դադարել է, հունիս-հուլիսին էլ տրանսֆերտների դրական շարժ կա, դրական ինչ-որ իմպուլսներ են նկատվում: Ամենալավ ցուցանիշը ես համարում եմ մեկնումների կտրուկ նվազումը, ժամանումների ավելացումը: Եթե այս պատկերը պահպանվի, հնարավոր է մենք տարին ամփոփենք ներգաղթով: Ես սա համարում եմ լավագույն ցուցանիշը: Կարծում եմ, որ սա մեր տնտեսության առողջացման առաջնային հարցերից մեկն է»,-նշեց նա, հիշեցնելով, որ մեկնողների թիվը այդ ընթացքում կրճատվել է 31 հազարով:

ԱՎԾ տվյալները վկայակոչելով, Ասատրյանն ասաց, հունվար-հունիսի ընթացքում Հայաստանից մեկնել է 6136 մարդ, անցած տարի՝ 37 006 մարդ, առաջին վեց ամիսների գրանցվել է 8.9 տոկոս, անցած տարվա նույն  ժամանակահատվածում 6.1 տոկոս:

ԿԲ նախկին նախագահն ընդգծում է ու գործող կառավարությանը հիշեցնում է, սա չի նշանակում, որ պետք է նստել, հանգստանալ, պետք է քննարկումները՝ անելիքների վերաբերյալ ինտենսիվ կերպով շարունակել:

«Եթե քաղաքական դաշտում նշմարվել են առաջնահերթությունները, ուժերը, խնդիրները, ապա տնտեսական կայունության առումով մենք ունենք բազմաթիվ հարցեր: Անորոշություն կա տնտեսական քաղաքականության կամ դրանում պետության մասնակցության մասով»,-ասաց նա:

Նրան մտահոգում է փաստը, որ իշխանությունը դեռ չի ձերբազատվել բիզնես տարրերից կամ այն հատվածներից, որոնք բիզնես շահեր են հետապնդում: Բագրատ Ասատրյանի կարծիքով, բոլոր փոփոխությունները, այդ թվում Հարկային օրենսգրքի, պետք է արվեն փուլ առ փուլ:

«Անհնար է կարճ ժամանակահատվածում գնալ դրան, պետք է մասնատել, բաժանել փուլերի, անել ըստ առաջնահերթությունների: Հեղափոխական փոփոխության խնդիրը  պետք է լուծվի առաջիկա 3-5 տարիների ընթացքում, ընդ որում լուծումները պետք է լինեն շատ խոր քննարկված, վերլուծված, որպեսզի էլ չանդրադառնանք հարկային խնդիրներին»,-ասաց քննարկման մասնակիցը:

Անհանգստացնող հաջորդ խնդիրը վերաբերում է բյուջեի ծախսերին:

«Ես այստեղ որևէ փոփոխություն չեմ տեսել, բյուջեն լցված է անիմաստ, անարդյունավետ ու չկանոնակարգված ծախսերով: Երբ նայում ես մեր սոցիալական հատվածի ծախսերին, մենք չպետք է ունենանք 30 տոկոս աղքատություն: Սա նշանակում է, որ  այդ ծախսերի մեջ մենք ունենք բացեր: Էլ չեմ խոսում անիմաստ ծախսերի մասին, օրինակ Երևան քաղաքի արտաքին լուսավորության համար հատկացվող միջոցները: Պետք է բարձրացվեն միջոցների ծախսման արդյունավետությունը»,-նշեց բանախոսը:

Placeholder
Բագրատ Ասատրյան. Հնարավոր է տարին փակենք ներգաղթով