Ադրբեջանը պարբերաբար փորձում է ստուգել մեր զգոնությունն ու աչալրջությունը. Դավիթ Բաբայան
Քաղաքական
15:48 17/08/2018
ԼՂՀ

Ադրբեջանը պարբերաբար փորձում է ստուգել մեր զգոնությունն ու աչալրջությունը. Դավիթ Բաբայան

Տևական դադարից հետո Ադրբեջանն այս գիշեր կրկին դիվերսիոն հարձակման փորձ է կատարել։ Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

Թե ինչ դիտարկումներ ունի պաշտոնական Ստեփանակերտը կատարվածի առնչությամբ, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Արցախի Հանրապետության  նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ։

«Այս դեպքն իր բնույթով արտառոց չէ։ Հակառակորդը պարբերաբար դիմում է այսպիսի քայլերի։ Այն, որ վերջին ժամանակահատվածում նման փորձերը համեմատաբար քիչ են եղել, չի նշանակում, որ հակառակորդը վերանայել է իր քաղաքականությունը կամ հրաժարվել է ահաբեկչությունից։ Պարզապես հնարավորություն չի ունեցել, բոլոր նման դեպքերը մեր կողմից կասեցվել են։ Բայց Ադրբեջանը պարբերաբար փորձում է ստուգել մեր զգոնությունն ու աչալրջությունը, ինչ-որ վնաս պատճառեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Դավիթ Բաբայանը շեշտեց՝ հակառակորդը, որպես պետական գաղափարախոսություն, որդեգրել է հայատյացությունը, և որպես ատելության դրսևորում՝ պարբերաբար սահմանին դիմում է նման գործողությունների։

Արցախցի պաշտոնյայի խոսքով, հակառակորդի հայատյացությունը դրսևորվում է ոչ միայն սահմանին, այլև փորձագիտական մակարդակով, նույնիսկ սերմանվում նախադպրոցական տարիքից։

«Հայատյացությունը Ադրբեջանում գերիշխում է բոլոր մակարդակներում՝ սկսած մանկապարտեզներից, վերջացրած ամենաբարձր ատյաններով։ Սակայն ապրիլյան պատերազմից հետո  ադրբեջանցիների ներթափանցման բոլոր փորձերը ձախողվել են, ինչը վկայում է, որ ՊԲ-ն ունի բարձր, մարտունակ մակարդակ, և բոլոր ենթակառուցվածներն իրականացնում են իրենց պարտականությունները։ Իհարկե, առաջին տեղում մեր զինվորներն են, մեր քաջարի տղաները, որոնք կանգնած են սահմանին»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը։

Placeholder
Ադրբեջանը պարբերաբար փորձում է ստուգել մեր զգոնությունն ու աչալրջությունը. Դավիթ Բաբայան