Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018թ-ի հունվար-հուլիսին աճել է 9.3%-ով
Տնտեսություն
14:15 20/08/2018
Հայաստան

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018թ-ի հունվար-հուլիսին աճել է 9.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.3%-ով։ Միաժամանակ, հուլիս ամսվա ՏԱՑ-ը հունիսի նկատմամբ կազմել է 8%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ հուլիսի համեմատ՝ 11.1%:

Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարարության ոլորտում: Մասնավորապես, այս տարվա հունվար-հուլիսին շինարարությունն աճել է 10.4%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 2.2%-ով, իսկ 2017թ-ի հուլիսի համեմատ՝ 0.5%-ով:

Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հուլիսին աճել է 4.3%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 3.4%-ով, իսկ 2017թ-ի հուլիսի համեմատ՝ 7.3%-ով:

Վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում 4.6%-ով աճել է նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 0.8%-ով:  2017թ. հունվար-հուլիսի համեմատ էլ ընթացիկ տարում ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 18.7%-ով:

Ըստ վիճակագրության` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.9%-ով, իսկ սպառողական գները՝ 2.4%-ով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-հուլիսին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 26.8%-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 17.3 %-ով,  իսկ ներմուծումը՝ 32.1%-ով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հուլիսին  հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 3%-ով:

 

Placeholder
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018թ-ի հունվար-հուլիսին աճել է 9.3%-ով