Հայաստանում կոնյակի, գինու, օղու արտադրությունը նվազել է
Տնտեսություն
20:02 20/08/2018
Հայաստան

Հայաստանում կոնյակի, գինու, օղու արտադրությունը նվազել է

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կոնյակի, գինու, օղու, շամպայնի ու վիսկիի արտադրության ծավալները զգալի նվազել են։ Փոխարենը ալկոհոլային խմիչքների շուկայում աճել է գարեջրի արտադրությունը։

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից,  2018 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 12 մլն 339.0 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.7%-ով: Վիճկոմիտեի-ի փոխանցմամբ` 2017 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 13 մլն 966.5 հազար լիտր կոնյակ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն  հանրապետությունում  այս տարվա առաջին կիսամյակում 0.8%-ով նվազել է գինու արտադրության ծավալը: Մասնավորապես, հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է  3 829.7 հազար լիտր գինի՝ 2017 թվականի 3 860.6 հազարի դիմաց։

Նշված ժամանակահատվածում  հանրապետությունում արտադրվել է 1 մլն 553.8 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ  նվազել է 37.7%-ով: Համեմատության համար նշենք, որ 2017թ-ի առաջին կիսամյակում արտադրվել է 2 մլն 492.2 հազար լիտր օղի:

Ըստ վիճակագրության՝ հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 191.7 հազար լիտր շամպայն գինի` 2017թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 17.4%-ով:

Հայաստանում վիսկիի արտադրությունն առաջին կիսամյակում ազմել է 366.5 հազար լիտր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝  808.6 հազար լիտր: Վիսկիի արտադրություն այս տարի նվազել է 54.7%-ով:

Ինչ վերաբերում է գարեջրի արտադրությանը, ապա նշված ժամանակահատվածում արտադրության ծավալներն ավելացել են 9%-ով և կազմել 10 մլն 158.4 հազար լիտր։
 

Placeholder
Հայաստանում կոնյակի, գինու, օղու արտադրությունը նվազել է