Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը
Մշակույթ
15:29 22/08/2018
Հայաստան

Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը

Այսօրվանից մշակույթի նախարարության մոտ անժամկետ հացադուլ հայտարարած ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը: Արամ Շահբազյանի հացադուլի պատճառը նրա՝ 3 նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմն է, որը դեռևս 2010թ պետք է ավարտվեր, սակայն անհրաժեշտ գումարն այդպես էլ չի տրամադրվել, թեև խոստումներ  տրվել են: Ֆիլմի ավարտի համար անհրաժեշտ է  18 միլիոն դրամ՝ հետարտադրական պրոցեսն ավարտելու համար։ 2009 թվականին ավարտվել է ֆիլմի նկարահանումները, 2010-ին՝ մոնտաժը, սակայն մինչ այժմ ֆիլմն ավարտված չէ։

Լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ մեկ ժամից ավելի զրուցել է Ա.Շահբազյանի հետ, հասկացել, թե ինչ խնդիրներ կան։

«Իրականում  խնդիրը ոչ թե այս շրջանի հետ է կապված, այլ դեռևս 2006 թվականից եկած հարցեր են։ Անհասկանալի կերպով ֆիլմի քննությունը հայտնվել է այն հանձնաժողովում, որը, ի թիվս 43 ֆիլմերի, պետք է քննության անցեր»։

Նախարարի խոսքով, այն հանձնաժողովը, որը ձևավորել էր Կինոկենտրոնը, և այն քաղաքականությունը, սկզբունքը, որ որդեգրել է մշակույթի նախարարությունը, մասնավորապես ինքը,  հետևյալն է. «Ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա թափանցիկ կերպով, ոչ մեկ մարդու որոշմամբ։ Որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ  հանձնաժողովի որոշումների կայացման գործընթացի վրա»։

Լ. Մակունցն ասաց, որ այսօր կհանդիպի Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ և նրանից պարզաբանում կստանամ այն խնդրի վերաբերյալ։ 

«Պարոն Շահբազյանի հետ պայմանավորվել ենք, որ հացադուլը դադարեցնի, որովհետև այստեղ որևէ մեկը հակառակ բևեռում չի: Մենք կոչված ենք լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք տասնյակ տարիներ լուծում չեն ստացել»,- ասաց նախարարը։

Ա. Շահբազյանը լրագրողներին ասաց, որ նախարարության պատասխանն իրեն լիովին գոհացնում է. «Սկսվում է գործընթաց, ու ամենակարևորը՝ ամենաթափանցիկ ձևով։ Դա հենց այն է, ինչ ես սպասում էի։ Ես երկար ժամանակ մթության մեջ էի»։

 

Placeholder
Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը