«Հեղափոխությունից հետո գրեթե ամբողջությամբ փակվել են կոնյակի կեղծման ճանապարհները»
Տնտեսություն
11:58 22/08/2018
Հայաստան

«Հեղափոխությունից հետո գրեթե ամբողջությամբ փակվել են կոնյակի կեղծման ճանապարհները»

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կոնյակի, գինու և օղու արտադրության ծավալները նվազել են։

Արտադրության ծավալների նվազման պատճառների մասին Panorama.am-ը զրուցեց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի հետ:

Վերջինիս խոսքով՝  իրականում  արտադրության ծավալները չեն նվազել, այլ հակառակը՝  կա մեծ աճ:

«Եռամսյակային կամ կիսմյակային կտրվածքով արտադրության ծավալները չեն երևում: Գինին տարեկան մեկ անգամ է պատրաստվում և այդ թիվը հաշվելու ժամանակ մեթոդաբանական սխալներ են թույլ տալիս, ուստի կարծում եմ, որ վիճակագրությունում այդ աճը չի երևում և անկումը գտնվում է այդ սխալների տիրույթում»,- ասաց Ավագ Հարությունյանը:

Իրականում, ըստ նրա, աճել է գինու և կոնյակի թե արտադրությունը, թե արտահանումը: Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում գինու  արտահանման աճը կազմել է շուրջ 20 տոկոս, իսկ արտադրության աճը 20 տոկոսից ավելի է: 

«Հստակ թիվ չեմ կարող նշել, բայց 20 տոկոսից ավելի է»,- ասաց նա:

Գինու ազգային կենտրոնի նախագահի գնահատմամբ, գիենգործության միտումները դրական են, հեղափոխությունը արագացրել է այդ դրական տենդենցները:

«Սա նշանակում է, որ այս տարի խաղողի գինը կտրուկ կբարձրանա նախորդ տարվա համեմատ: Իհարկե դա  գյուղացիների համար լավ է, իսկ արտադրողների համար՝ վատ, քանի որ խաղողը թանկանում է, բայց դրան զուգահեռ ընկնում է խաղողի որակը: Չի բացառվում, որ գյուղացիները կրկնեն նախորդ տարիների պրակտիկան և ավելի ցածր որակի խաղող փորձեն վաճառել բարձր գնով»,- ասաց Ավագ Հարությունյանը: 

Խոսելով կոնյակի արտադրության մասին, մասնագետը նշեց, որ և արտադրության, և արտահանման ծավալները աստիճանաբար կնվազեն: Դա, ըստ նրա,  կապված է Ռուսաստանի՝  կոնյակի արտահանման չափանիշների խստացումով:

«Ռուսաստանը խստացրել է պահանջները, բացի այդ, ռուսական ռուբլին արժեզրկվել և, բնական է, որ հայկական կոնյակի արտահանումը ևս  կսկսի նվազել: Այսինքն՝ առաջիկայում կոնյակի արտահանման աճ չենք ունենա և այն կսկսի դանդաղել»,- նշեց  Գինու ազգային կենտրոնի նախագահը:

Այսպիսով, ըստ նրա,  կոնյակի արտահանման ծավալներն առաջիկա երեք տարիների ընթացքում կնվազեն. «Նշեմ նաև, որ հեղափոխությունից հետո գրեթե ամբողջությամբ փակվել են կոնյակի կեղծման ճանապարհները, ինչպես նաև ստվերից դուրս է եկել կոնյակի սպիրտի ներմուծումը, որոնք գտնվում էին որոշակի խմբերի ձեռքերում: Դա նշանակում է, որ կոնյակի արտադրությունը կնվազի,  խաղողի գինը կբարձրանա, գործարանները կմթերեն ավելի բարձր գնով խաղող, դոլարը կբարձրանա, ռուբլին կընկնի, շուկայում հայկական կոնյակի մրցունակությունը կընկնի և արտահանումը առաջիկա երեք տարիների ընթացքում կնվազի: Դրանից հետո՝ չորրորդ տարում, արտահանումն ու արտադրությունը կավելանա»: 

Միաժամանակ Ավագ Հարությունյանը կարծում է, որ ռուսական շուկայից պետք է աստիճանաբար ձերբազատվել, քանի որ այն լավ շուկա է էժան արտադրանքի համար, իսկ Հայաստանն էժան արտադրանքի պոտենցիալ չունի. «Մենք չունենք էժան խաղող, իսկ ռուսական շուկան էժան արտադրանքի անսպառ շուկա է»:

Ըստ նրա՝ այսօր էլ Ռուսաստանում կան խնդիրներ, ներկայում կրկնվում է 2013-2014 թթ-ի ճգնաժամը, ռուբլին արժեզրկվում է, իսկ դա իր հերթին լուրջ խնդիրներ է ստեղծում հայ արտադրողների համար, քանի որ հայկական արտադրանքը ՌԴ արտահանելու համար պայմանագրերը կնքվում են հիմնականում ռուբլով: Ուստի, Ավագ Հարությունյանը կարծում է, որ պետք է նոր շուկաներ փնտրել և հնարավորինս աշխարհագրությունը մեծացնել:

Նրա խոսքով՝ գինի և կոնյակ արտադրողների կողմից շուկաների որոնման պիկը եղել է 2008-2009 թթ-ին: « Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը  93 տոկոսից իջեցրել ենք 86 տոկոսի, 2013-2014թթ-ին՝ 81-83 տոկոս: Այն ունի և դրական, և բացասական հետևանքներ, միանշանակ չի կարելի ասել՝ որն է լավ, որը՝ վատ, բայց հստակ կարող ենք արձանագրել՝ ռուսական շուկան անկայուն  է, դա փաստ է»,- նշեց Ավագ Հարությունյանը:

Անդրադառնալով օղու արտադրությանը՝ Գինու ազգային կենտրոնի նախագահը նշեց, որ վերջին հինգ տարիներին կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի օղու արտադրությունը կրճատվի: Մասնավորապես, ըստ նրա, հարկային մեխանիզմներով զսպում են, քանի որ Հայաստանում վտանգավոր տենդենց կար՝  օղու սպառման առումով մեկ շնչի հաշվով Հայաստանը աշխարհի 5 պետությունների մեջ էր, ինչը շատ վատ էր: 

«Եւ կառավարությունը որդեգրեց քաղաքականություն, որպեսզի օղու արտադրության աճը հարկային մեխանիզմներով նվազեցնի»,- նշեց Ավագ Հարությունյանը:

Placeholder
«Հեղափոխությունից հետո գրեթե ամբողջությամբ փակվել են կոնյակի կեղծման ճանապարհները»