Գարգառի բրենդը. Բրոկոլիի արտադրության նոր հասցեն
Հասարակություն
20:00 27/08/2018
Հայաստան

Գարգառի բրենդը. Բրոկոլիի արտադրության նոր հասցեն

Մի քանի տարի առաջ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ բրոկոլին դառնալու է Գարգառի բրենդը: Գարգառը Լոռու մարզի այն համայնքներից է, որտեղ զբաղվում են ոչ ավանդական մշակաբույսերի աճեցմամբ:

Արմինե Մուրադյանը բնակվում է Գարգառում: 2005 թվականին համագյուղացի  5 կանանց հետ սկսել են օրգանական եղանակով դեղաբույսեր մշակել, իսկ հետո զբաղվել բրոկոլիի, արմատային նեխուրի, կաղամբազգիների տարբեր տեսակների, ծնեբեկի աճեցմամբ:

Խումբն աստիճանաբար ընդալայնվել է և  համագյուղացի մի  խումբ կին ֆերմերների հետ միասին ձևավորել են «Ապագան մերն է» անունը կրող կոոպերատիվը. նախագահը Արմինե Մուրադյանն է:

Panorama.am-ի հետ զրույցում Արմինե Մուրադյանը մեծ ոգևորությամբ պատմում է իրենց կոոպերատիվի, միասին հաշտ ու համերաշխ աշխատող կանանց խմբի մասին:

Հիշում է, թե տարիներ շարունակ ինչ դժվարությունների միջով են անցել ջերմոց չունենալու պատճառով, քանի որ ջերմոցի առկայությունը խիստ կարևոր էր՝  հաշվի առնելով Լոռվա մարզի անձրևոտ և համեմատաբար ցուրտ կլիման:

2015 թ-ին «Ապագան մերն է» կոոպերատիվը դիմել է Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD ծրագրին, որի աջակցությամբ  ջերմոց են ձեռք բերել: Արդյունքում,  ջերմոցային պայմաններում ստացված բրոկոլիի սածիլները ոչ միայն կարողանում են  ճիշտ ժամանակին  տեղափոխել դաշտ, այլև՝  սերմեր և սածիլներ մատակարարել ֆերմերներին:

«Վերջին  տարիներին շեշտը դրել ենք բրոկոլիի արտադրության վրա:  Պատահական չէ, որ հենց բրոկոլի են ասում, այն ասոցացվում է Գարգառ գյուղի հետ»,-  ասում է «Ապագան մերն է» կոոպերատիվի նախագահը:

Նրա խոսքով՝ բրոկոլին և այլ մշակաբույսերը վաճառում են Երևանում, Վանաձորում, Ստեփանավանում: Այնուամենայնիվ, իրացման խնդիր ունեն, թեև,մասամբ համացանցի, բարեկամների և այլ կազմակերպությունների միջոցով կարողանում են արտադրանքի որոշ մասը վաճառել: «Եթե կոնկրետ կազմակերպություն  լինի, որը մեզ կաջակցի իրացման հարցում, դա զգալի կհեշտացնի մեր գործը»,-  նշում է տիկին Արմինեն և հավելում, որ 2017 թվականին արտադրել են 5-6 տոննա բրոկոլի, որի մի մասն  են կարողացել իրացնել:

Այս տարի եղանակը բարենպաստ  չէ գյուղատնտեսության համար և բրոկոլիի արտադրությունը  նվազել է. «Այս պահին նույնիսկ գնորդ ունենք, բայց պետք է սպասենք  մինչև բրոկոլին հասունանա: Ոռոգման ջրի խնդիր ևս ունենք,  հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա էլ կլուծվի»:

Չնայած խնդիրներին կանայք չեն հուսահատվում, հակառակը, փորձում են առաջ նայել: Գարգառցի կանայք  որոշել են  մշակուբույսերի աճեցմամբ չսահմանափակվել: Արմինեն ասում է, որ մեծ ցանկություն ունեն վիտամիններով հարուստ բրոկոլին օգտագործել մանկական սննդի արտադրության մեջ. «Թե որքանով կհաջողվի, չեմ կարող ասել, բայց դա մեր երազանքներից մեկն է»:

Արմինեն  ապրում է ամուսնու, սկեսուրի, երկու որդիների, հարսի և թոռնիկի հետ: Խոստովանում է, որ հաջողության հասել է նաև ընտանիքի աջակցությամբ: «Եթե ընտանիքդ թիկունքիդ չլինի, ոչ մի բանի չես կարող հասնել»,- նշում է  Արմինեն ու  հավելում, որ երբեմն մտածել է երկրից դուրս գալու մասին, բայց հասկացել է՝ ամենալավ տեղն իր տուն է, իր գյուղն է, իր հայրենիքն է, որտեղ էլ աշխատի, կարող է ապրել:


 

Լուսանկարները՝ ENPARD-Armenia-ի: 

 

Placeholder