Ամեն ինչ անելու ենք, որ  ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր է. նախարար
Տնտեսություն
15:44 29/08/2018
Հայաստան

Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր է. նախարար

«Գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի հետ որևէ լարվածություն չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների լարված իրավիճակն արդյոք կարո՞ղ է ազդել գազի գնի վրա:

Նրա խոսքով՝   գազի գնի շուրջ բանակցությունները  հիմնականում տեղի են ունենում երկրների առաջին դեմքերի մակարդակով և այս պահին դեռևս որևէ բանակցություն չկա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի վերջին:

Արթուր Գրիգորյանը նշեց, որ նոյեմբերից ՀՀ  կառավարությունը Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ կսկսի:

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի  ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր ունենք»,-ընդգծեց նախարարը:

Բացի այդ, ըստ նրա, բանակցությունները շարունակվելու են նաև Իրանի հետ։ Նախարարի խոսքով՝  Իրանի էներգետիկայի նախարարի, փոխնախարարի հետ  ունեցել են մի շարք քննարկումներ և իրանական կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին հարց է բարձրացվել:

«Մեր կողմից մեր քայլն արել ենք, իրանական կողմին առաջարկել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան: Առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով իրենց հետ համագործակցության մեջ ենք, քանի որ իրանական կողմից էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում: Կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է էլեկտաէներգիայի սակագնին, նախարարն ասաց, որ թեև սակագնի  վերանայման գործընթաց նախարարությունը չի իրականացնում, դա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթն է, այդուհանդերձ, նախարարությունը չի կարող դրանից անմաս մնալ:

Նա հայտնեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայի 2019 թվականի փետրվարին:

Placeholder
Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր է. նախարար