Օպերային թատրոնը հյուրախաղերով հանդես է գալու Դուբայում և Քուվեյթում
Մշակույթ
16:47 30/08/2018
Հայաստան

Օպերային թատրոնը հյուրախաղերով հանդես է գալու Դուբայում և Քուվեյթում

«Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատանքն անցած 10-11 ամիսներին աննախադեպ ակտիվ էր։ 11 ամսում իրականացրել ենք յոթ խոշոր ծրագիր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց  թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը։

Նրա խոսքով, ստեղծագործական իմաստով խիստ բավարարված են,  հոգնելու իրավունք չունեն, քանի որ մի ամբողջ ամիս սպասվում է  բավականին ինտենսիվ աշխատանք։ Կ. Սարգսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին 6 ներկայացումով հանդես են գալու Դուբայում,  երկու ներկայացումով և մեկ համերգով՝ Քուվեյթում։

«Ամբողջ սեպտեմբերը զբաղված պետք է լինենք։ Վերադառնալուց հետո մասնակցելու ենք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումներին։ Հոկտեմբերի 6-ին, 8-ին, 10-ին ներկայացնելու ենք  առաջին անգամ մեր խաղացանկում  Մասնեի «Մանոն» օպերան։

Բավականին դժվար օպերա է, բայց շատ գեղեցիկ  բեմադրություն է, որը Մոսկվայի Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմադրությունն է, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը տեղափոխել է մեզ մոտ»,- ասաց Կ. Սարգսյանը։

Հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկի գնահատմամբ, օպերային թատրոնի նվագախումբն ու երգչախումբն անհավատալի էներգիայով են կատարում իրենց աշխատանքը։

Placeholder
Օպերային թատրոնը հյուրախաղերով հանդես է գալու Դուբայում և Քուվեյթում