Հրազդանում ստեղծվում է Հայաստանում չորրորդ ազատ տնտեսական գոտին
Տնտեսություն
12:38 30/08/2018
Հայաստան

Հրազդանում ստեղծվում է Հայաստանում չորրորդ ազատ տնտեսական գոտին

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կստեղծվի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ազատ տնտեսական գոտի, որի կազմակերպիչ կճանաչվի  «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն: Այս որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց,  որ այս որոշմամբ  ընդգծվում է  այն քաղաքականությունը, որ Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնվի բարձր տեխնոլոգիական նորարարությունների վրա:

«ԷԿՈՍ» ՓԲԸ-ի կողմից Հրազդանում ԱՏԳ ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների զարգացման համար, ներգրավել համաշխարհային մակարդակի բարձր որակավորում ունեցող մասնագետների, ստեղծել բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների կլաստերների փոխներգործության եզակի համակարգ:

Նախարարը նշեց, որ կազմակերպության կողմից ներկայացված ներդրումային  ծրագրով նախատեսում է մինչև 2043  թվականն այդ տարածքում ներգրավել 200 շահագործողի, ընդ որում, մինչև 2021 թվականը՝ 50 շահագործողի: Ծրագրի ընթացքում կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները:

Բացի այդ, կազմակերպիչը նախատեսում է կատարել մինչև 4 մլն դոլարի ներդրում, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը՝ 15 մլն դոլարի ներդրում, հետագայում կանխատեսվում է կատարել ևս 30 մլն դոլարի ներդրում:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ազատ տնտեսական գոտին հիմնական երկու տարածք է ունենալու, արտադրականըը՝ Հրազդանում (4,3 հա չափով), գրասենյակայինը՝ Երևանում (2000 քմ) :
«Արտադրական տարածքում  կիրականացվի բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեություն, տվյալների մեծ զանգվածների ամպային հաշվարկման և ամպային տեխնոլոգիաների առավել լայն օգտագործում ու սրանով պայմանավորված առավել լայն հնարավորություններ»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը հայտեց, որ  սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին:

Placeholder
Հրազդանում ստեղծվում է Հայաստանում չորրորդ ազատ տնտեսական գոտին