Վստահ եղեք, որ կարող եք ամրապնդել հայկական գիտական ներկայությունն աշխարհում. ՀՀ նախագահ
Կրթություն, գիտություն
13:17 01/09/2018
Հայաստան

Վստահ եղեք, որ կարող եք ամրապնդել հայկական գիտական ներկայությունն աշխարհում. ՀՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

«Սիրելինե՛րս,

Մեկնարկում է ուսումնական տարին, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ձեզ:
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել առաջին անգամ նախակրթարանի շեմից ներս ոտք դնող երեխաներին, առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին, ինչպես նաև առաջին անգամ դասասենյակ ու լսարան մտնող ուսուցիչներին և դասախոսներին, ի դեմս նրանց՝ բոլոր մանկավարժներին, ովքեր հավատարմորեն կրում են Ուսուցչի բարձր կոչումը:

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ,

Այս օրն իսկապես հիշարժան է և այն մշտապես ձեզ հետ է լինելու: Հարցրեք առաջին անգամ ձեզ դպրոց ուղեկցած ձեր ծնողներին, ձեր տատիկներին ու պապիկներին այդ օրվա մասին ջերմ ու թանկ հիշողությունները ուղեկցում են նրանց ողջ կյանքում:

Ուսումնառության տարիները կյանքի այն լուսավոր ժամանակաշրջանն են, որոնց ընթացքում կառուցվում է ձեզ դեպի բարձունք տանող աստիճանը: ժամանակակից աշխարհի լեզուն գիտությունն ու բարձր տեխնոլոգիաներն են: Գիտելիքը ձեր հուսալի հենման կետն է, որի շնորհիվ դուք պիտի խոսեք աշխարհին հասկանալի այդ լեզվով՝ մասնակից դառնալով համաշխարհային նոր նվաճումների կերտմանը:

Վստահ եղեք, որ կարող եք ամրապնդել հայկական գիտական ներկայությունն աշխարհում՝ միտքը փոխակերպելով տեխնոլոգիայի, հմտությունը՝ փորձառության, երևակայությունը՝ իրականության:
Երկիրը հայրենիք է նաև ձեզանով, ու դուք, որպես առաջնորդներ, պարտք ունեք մասնակցելու այն ավելի ուժեղ ու հզոր դարձնելուն: Հավատացեք ձեր հնարավորություններին և կարողություններին: |
Դուք կարող եք փոխել Հայաստանը: Դուք կարող եք փոխել աշխարհը:

Խաղաղություն, առողջություն, երջանկություն և հաջողություն բոլորիդ»,- ասված է ուղերձում

 

Placeholder
Վստահ եղեք, որ կարող եք ամրապնդել հայկական գիտական ներկայությունն աշխարհում. ՀՀ նախագահ