Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ
Տնտեսություն
14:53 01/09/2018
Հայաստան

Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ

Այն, որ վերջին ամիսներին Երևանում աղբահանության գործընթացը պատշաճ չի կատարվում,  նորություն չէ: Աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը  տուգանվեց 12 մլն դրամով՝ պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման համար, սակայն տուգանքն էլ չօգնեց: Քաղաքը շարունակում է աղբավայրի վերածվել:

Երևանում ամենուր գարշահոտ է, աղբամաններն օրերով չեն դատարկվում, մարդիկ էլ ստիպված աղբը թողնում են աղբամանների մոտ ու մայրաքաղաքում օր օրի ստեղծվում են աղբի «բուրգեր»:

Հերթական բուրգը հայտնվել է Կենտրոն համայնքում, Արամի փողոցում, որտեղ արդեն քանի օր անտանելի գարշահոտություն է: «Բուրգ»-ի դիմաց էլիտար շենքեր են, աշխատանքային գրասենյակներ, հյուրանոց, որտեղ ամեն օր տասնյակ զբոսաշրջիկներ են գալիս: Երեկ էլ նկատեցինք, որ զբոսաշրջիկները նկարում են «հայկական աղբը». դա այն է, ինչ առաջինն են տեսնում Երևան ժամանած տուրիստները: 

Իսկ ամենացավալին այն է, որ նույն պատկերը տիրում է դպրոցների մոտ:  Սանիթեքի ու Երևանի անգործության պատճառով դպրոց շտապող երեխաներն այսօր՝ սեպտեմբերի 1-ին,  ստիպված էին անցնել հսկա աղբանոցների կողքով։

Նշենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Սանիթեք»-ի հետ կնքած պայմանագիրը լավագույներից մեկն է եղել՝ որպես իրավական փաստաթուղթ, այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է իր աշխատանքում: Իսկ դիտարկմանը, թե ամբողջ քաղաքն աղբի մեջ է, Կամո Արեյանը հակադարձել էր՝ նշելով, թե ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, պարզապես «Սանիթեք»-ը թերանում է աղբահանության հարցում:

Հարց է առաջանում՝ արդյոք քաղաքապետարանն իր աշխատանքում չի թերանում, երբ աղբահավաքության հետ կապված բողոքները լսում են, բայց  քար անտարբերություն պահպանելով քայլեր չի ձեռնարկում: Մինչդեռ պետք էր դիտարկել «Սանիթեք»-ի հետ պայմանագրի գործողությունների դադարեցման հարցը:  

Placeholder
Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ