Արմեն Սարգսյանը որևէ դպրոց գնալու փոխարեն՝ նախընտրել է երեխաներին հյուրընկալել
Կրթություն, գիտություն
12:46 01/09/2018
Հայաստան

Արմեն Սարգսյանը որևէ դպրոց գնալու փոխարեն՝ նախընտրել է երեխաներին հյուրընկալել

Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաև սիրիահայ դպրոցականներ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային և ուսուցողական միջոցառում է կազմակերպվել: Տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա և քիմիա առարկաներին վերաբերող հետաքրքիր ու հանրամատչելի ցուցադրություններ էին: Երեխաները նաև հնարավորություն էր տրվել զբաղվել նկարչությամբ ու կավագործությամբ, շախմատ խաղալ:

Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը զրուցել է երեխաների հետ, նրանց հետ շրջել տաղավարներով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ որևէ դպրոց գնալու փոխարեն նախընտրել է երեխաներին հյուրընկալել Նախագահական նստավայրում: «Մենք նպատակ ունենք այս փոքրիկ, բայց գեղեցիկ այգին այսուհետ ոչ աշխատանքային օրերին բացել բոլորի համար»,- նշել է Հանրապետության նախագահը:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ կարևոր է, որպեսզի սեպտեմբերի 1-ին երեխաները սիրով գնան դպրոց: «Երեխաների համար դպրոցն այնպիսի տեղ պետք է լինի, որ հաճուքով այցելեն: Եթե հաճույքով ես սովորում՝ սովորում ես շատ արագ, որակով և ընդմիշտ»:
 

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Placeholder
Արմեն Սարգսյանը որևէ դպրոց գնալու փոխարեն՝ նախընտրել է երեխաներին հյուրընկալել