Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 10,2 տոկոսով ավելացել է
Տնտեսություն
13:52 03/09/2018
Հայաստան

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 10,2 տոկոսով ավելացել է

2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 685 հազար 970 զբոսաշրջիկ, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.2 տոկոսով: Այս մասին ամփոփելով պաշտոնավարման 100 օրն՝ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարը հայտնեց, որ զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 610 հազար 900 մարդ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7.1 տոկոս: «Ժամանած ու մեկնած զբոսաշրջիկների տարբերությունը կազմել է շուրջ 75 հազար մարդ: Նախորդ տարի այս ցուցանիշը 52 հազար էր»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ զբոսաշրջիկների շուրջ 27.1 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, որը նախորդ տարվա համեմատ աճել է 17.4 տոկոսով: Զբոսաշրջիկների 24 տոկոսը Հայաստան է այցելել ԵՄ անդամ երկրներից. այստեղ աճը կազմել է 43.3 տոկոս: «Հայաստան այցելած զբոսաշրջիկների 48.9 տոկոսը բաժին է ընկնում այլ երկրներին: Այստեղ աճը կազմել է 8.1 տոկոս»,- ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Նշվեց նաև, որ զբոսաշրջիկների 52,5 տոկոսը Հայաստան է եկել հանգստի և ժամանցի նպատակով, 22,9 տոկոսը՝ գործնական նպատակով, 1,5 տոկոսը՝ բուժման նպատակով:

Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ապա այստեղ արձանագրվել է 17,1 տոկոսով աճ: Ներքին զբոսաշրջության կառուցվածքում, ըստ Արծվիկ Մինասյանի, 69.9 տոկոսը բաժին է ընկել հանգստին և ժամանցին:

 

Placeholder
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 10,2 տոկոսով ավելացել է