«Ստեղծարար միտք». ձեռներեցության ծրագիր ուսումնական հաստատություններում
Մշակույթ
16:37 04/09/2018
Հայաստան

«Ստեղծարար միտք». ձեռներեցության ծրագիր ուսումնական հաստատություններում

«Հայաստանում մեկնարկում է ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար միտք» ծրագիրը, որը հնգամյա նախաձեռնություն է և նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը»։

Այս մասին այսօր ծրագրի շրջանակում ՀՀ կրթության և  գիտության նախարարության, ՀՀ մշակույթի  նախարարության և Բրիտանական խորհրդի  միջև համագործակցության վերաբերյալ  փոխըմռնման հուշագրի ստորագրման արարողությունից հետո հայտնեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Ծրագրի ընթացքում կտրամադրվի ֆինանսական աջակցություն, որը կնպաստի միացյալ թագավորության և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և ստեղծարար ոլորտի հաստատությունների միջև գործընկերային կապեր հաստատելուն և ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը։

Սարիբեկյանի խոսքով՝ այն ուսանողներին ու ստեղծարար ձեռներեցներին հնարավորություն կընձեռնի ձեռք բերել համապատասխան հմտություններ՝ բիզնես գաղափարների մշակման փուլից մինչև բիզնես ծրագրի ձևավորում և իրականացում։

«Երկու տարվա ընթացքում մինչև 50 հազար ֆունտ ստերլինգ կտրամադրվի յուրաքանչյուր միջազգային համագործակցության համար, որոնց համար ներկայացված հայտերը կընտրվեն բաց մրցույթի միջոցով»,- հավելեց նա։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ մշակույթի և ԿԳ նախարարությունների հստակ գիտակցում են, որ ունեն խնդիր արվեստն ու մշակույթը տարածելու առումով, և սա հերթական այդպիսի նախաձեռնությունն է, որին անմիջապես արձագանքել են։ 

«Հայաստանը ստեղծարար ու ստեղծագործ մտքի մեծ պոտենցիալ ունի, տարածաշրջանում ու աշխարհում էլ դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, ուստի պետք է օգտագործել այդ հանգամանքը։ Այսօր աշխարհում ստեղծարար ձեռնարկատիրության ոլորտը բավականին հետաքրքրության առարկա է իրենից ներկայացնում, և այդ առիթն օգտագործելով՝ պետք է զինենք արվեստի որորտի մարդկանց այն գործիքներով, որոնց միջոցով նրանք կկարողանան իրացնել արդյունքը»,- ավելացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

 

Placeholder
«Ստեղծարար միտք». ձեռներեցության ծրագիր ուսումնական հաստատություններում