Գյուղացին և վերամշակողը պետք է գործընկերներ լինեն, ոչ թե մեկը մյուսին խաբեն. Հրաչ Բերբերյան
Տնտեսություն
11:18 07/09/2018
Հայաստան

Գյուղացին և վերամշակողը պետք է գործընկերներ լինեն, ոչ թե մեկը մյուսին խաբեն. Հրաչ Բերբերյան

Չնայած ցրտահարությանը, կարկուտին, գյուղատնտեսության համար տարին  հաջող էր: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ տարին հատկապես բարենպաստ էր պտղի և խաղողի համար:

«Խաղողի բերքը միջինից բարձր է, ընդհանուր առմամբ, վատ բերք չունենք: Հիմա խնդիրը նրանում է, թե ինչպես խաղողը կմթերվի՝ վերամշակող ընկերությունները կփորձեն գյուղացիներից գերշահույթ ստանալ, թե ավելի մարդկային կլինեն ու մթերման գները կվերանայեն»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Իրականում, ըստ նրա, գյուղացին և վերամշակողը պետք է գործընկերներ լինեն, այլ ոչ թե մեկը մյուսին խաբեն:

Նշենք, որ վերջին օրերին Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործները փակել էին միջպետական ճանապարհները՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը: Վերամշակող ընկերությունները հայտնել են, որ խաղողը 140 դրամից բարձր գնով չեն կարող մթերել, ինչն էլ առաջացրել է խաղողագործների դժգհությունը: 

Հարչ Բերբերյանը ևս տեղյակ է խնդրից, կարծում է, որ այս խնդիրը վաղուց պետք էր լուծված լիներ, բայց տարիներ շարունակ մթերման շրջանում գյուղացիները նույն խնդրի առաջ են կանգնում:

«Ըստ խաղողագործների,  մթերող ընկերությունները խոստացել են՝ խաղող մթերել 160 դրամով, սակայն մթերում են 140 դրամով: Չի բացառվում, որ 100 դրամից էլ էժանացնեն, քանի որ դրանից է գալիս գործարանների գերշահույթը: Այս խնդիրները միշտ եղել են, բայց, ցավոք սրտի, համակարգային լուծում չի տրվել»,- նշեց նա:

Հրաչ Բերբերյանն անդրադառնալով գյուղատնտեսության նախարարի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսին, որի ժամանակ նախարարն ասել էր՝ «100 օրն ադապտացիոն շրջան է և այդ օրերի ընթացքում ավելի շատ ծանոթացել եմ խնդիրների հետ և ուրվագծել ոլորտի առաջնահերթությունները», նշեց, որ  այդ ժամանակաշրջանում նախարարությունը կարող էր կանոնակարգել գյուղացի-վերամշակող հարաբերությունները։

«Կարծում եմ, որ նախարարությունը հետևողական աշխատանք տանելով կարող էր հասնել հաջողության: Ամեն ինչը թանկացել է՝ դիզվառելիք, պարարտանյութ, բնականաբար, խաղողի ինքնարժեքը բարձրացել է: Նախորդ տարիների հետ էլ եթե համեմատում ենք, ինքնարժեքը բարձրացել է: Բնական է, որ գյուղացիները պետք է բողոքեն»,- ընդգծեց նա:

Գյուղատնտեսի խոսքով՝ նախարարությունը պետք էր օրենսդրական դաշտում լուրջ բարեփոխումներ աներ, որը չի արել, կարծում է՝ դեռ չի էլ պատրաստվում անել:

Հրաչ Բերբերյանը նաև չի բացառում, որ գյուղացիները կփորձեն վատ որակի խաղողը բարձր գնով իրացնել, դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է օրենսդրական դաշտը բարելավել, որպեսզի նման խնդիրներ չառաջանան:

«Մարդիկ չեն զբաղվում գյուղատնտեսությամբ, ամեն ինչով զբաղվում են՝ բացի գյուղատնտեսությունից: Այս խնդիրներին իսկապես կարելի էր շատ արագ լուծում գտնել: Ընդամենը պետք է կառավարության մեկ որոշում և բոլոր հարցերը կկարգավորվեն»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը:

Placeholder
Գյուղացին և վերամշակողը պետք է գործընկերներ լինեն, ոչ թե մեկը մյուսին խաբեն. Հրաչ Բերբերյան