Մշակույթի ոլորտում տարիներ շարունակ հարկեր չվճարելու ավանդույթ է ձևավորվել. ՊԵԿ ղեկավար
Տնտեսություն
12:48 10/09/2018
Հայաստան

Մշակույթի ոլորտում տարիներ շարունակ հարկեր չվճարելու ավանդույթ է ձևավորվել. ՊԵԿ ղեկավար

«Եթե ինչ-որ մեկն ինձ հարց տա՝ արդյոք հնարավո՞ր է Սինգապուրյան հրաշքը կիրառել Հայաստանում, ես միանշանակ կպատասխանեմ՝ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով օրերս Սինգապուր կատարած իր այցին:

Դավիթ Անանյանը նշեց, որ Սինգապուրում օրենսդրության մեջ մի շատ կարևոր նշանաբան կա՝ «Մեր ազգը, մեր հարկերը»:

Այս առումով, ըստ նրա, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն և Սինգապուրի եկամուտների հավաքագրման  մարմինն ունեն հակառակ գաղափարախոսությունները: «Դա բառիս վատ իմաստով եմ ասում, քանի որ մենք դեռևս չենք հասել իրենց գաղափարախոսությանը: Նրանց բոլոր պրեզենտացիոն նյութերի առաջին նախադասությունը սկսվում է հետևյալ կերպ. «Մենք ունենք կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները ճշգրիտ կերպով կատարում են իրենց հարկային պարտավորությունները»: Այսինքն՝ եթե մարդիկ մշակույթ են ձևավորել, որ հարկ վճարելը հայրենասիրության էլեմենտ է, ապա հարկային մարմինը պարտավոր է այդպիսի կանխավարկած ձևավորի, որ բոլորը օրինապահ հարկ վճարողներ են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Դավիթ Անանյանի խոսքով, այստեղ այլ նշանաբան է գործում: «Մեզ մոտ ուրիշ նշանաբան կա՝  ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները որևէ ձևով ցանկություն ունեն խուսափել հարկերից: Դա ցավալի է, որը գալիս է մշակույթի բացակայությունից: Սովետական միությունից ունենք քաշ տված ժառանգություն՝ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի է: Մեզ մոտ դեռ չի ձևավորվել, որ պետությունից չգողանալը, պետությանը հարկեր վճարելը ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր են», - ասաց  Դավիթ Անանյանը:

Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում կան ոլորտներ, որտեղ տարիներ շարունակ հարկեր չվճարելու ավանդույթ է ձևավորվել:

Օրինակ՝ մշակույթի ոլորտում: «Ունենք սիրված երգիչներ ու երգչուհիներ, որոնք հայրենասիրական երգեր են գրում ու կատարում, բայց նրանցից որևէ մեկը տասնամյակներ շարունակ տարեկան եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել հարկային մարմիններ», - նշեց ՊԵԿ ղեկավարը՝ հավելելով, որ եթե կա ոչ հարկային գործակալի կողմից ստացված եկամուտներ, ապա բոլորը պարտավոր են ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիր: Ըստ նրա, օրենքով կա այդպիսի պարտադիր պայման:

Դավիթ Անանյանը նաև ասաց, որ միակ մշակութային գործիչը, որը երբևէ հայտարարագիր է ներկայացրել, դա ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն է: «Տիգրան Մանսուրյանն է ժամանակին հայտարարագրեր ներկայացրել»:

Placeholder
Մշակույթի ոլորտում տարիներ շարունակ հարկեր չվճարելու ավանդույթ է ձևավորվել. ՊԵԿ ղեկավար