Վենետիկի  կինոփառատոնի մրցանակակիրները
Մշակույթ
12:25 10/09/2018
Աշխարհ

Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիրները

Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝  «Ոսկե առյուծը»,  շնորհվել է մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնին «Հռոմ» (Roma) ֆիլմի համար։ Դա Մեքսիկայի մայրաքաղաքի թաղամասերից մեկի անունն է, որտեղ 1960-ականներին տեղի են ունենում ֆիլմի գործողությունները։ Ֆիլմը, ռեժիսորի խոսքով,  հիմնականում ինքնակենսագրական է և հիմնված է հեղինակի մանկական հիշողությունների վրա։

Եվրանյուզը  գրում է, որ առաջին անգամ միջազգային կինոփառատոնի բարձրագույն մրցանակը ստացել է ֆիլմ, որն ի սկզբանե նախատեսված էր ոչ թե կինոթատրոններով տարածման համար, այլ Netflix պլատֆորմի միջոցով:

Ժյուրին լավագույն դերասանուհի է ճանաչել բրիտանացի Օլիվիա Քոուլմանին. նա խաղացել է հույն ռեժիսոր Յորգոս Լինտիմոսի «Ֆավորիտը» (The Favourite) պատմական դրամայում՝ մարմնավորելով  անգլիական Աննա թագուհուն։ Լավագույն դերասան է դարձել ամերիկացի Ուիլեմ Դեֆոն ՝ «Վան Գոգ. Հավերժության շեմին» (At Eternity's Gate)  ֆիլմում մարմնավորելով նկարչի կերպարը։ 

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել   ֆրանսիացի Ժակ Օդիարը` «Սիսթերս եղբայրները» (The Sister Brothers) ֆիլմի համար: Լավագույն սցենարի համար  մրցանակին են ստացել Քոհեն եղբայրները՝ «Բասթեր Սքրագսի բալլադը» ֆիլմի համար:

Գրան-պրին ստացել է հույն ռեժիսոր Յորգոս Լինտիմոսը՝ «Ֆավորիտը» ֆիլմի համար։

Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակը ստացել է ավստրալիացի ռեժիսոր Ջենիֆեր Քենթը  «Սոխակ» ֆիլմի համար, Մարչելլո Մաստրոյանիի անվան մրցանակը՝ լավագույն դեբյուտի համար, ստացել է դերասան Բայկալի Գանամբարը «Սոխակ» ֆիլմում մարմնավորած դերի համար։

Նշենք, որ Վենետիկի միջազգային կինոփառատոնն անցկացվել է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը Լիդո կղզում։ Մրցութային հիմնական ծրագրում ներկայացված էր 21 ֆիլմ։

Placeholder
Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիրները