Քրօրը հումանիզացիայի առումով հետ ու առաջ է քայլում
Իրավունք
10:05 10/09/2018
Հայաստան

Քրօրը հումանիզացիայի առումով հետ ու առաջ է քայլում

Այսօր առաջարկվում է  նախնական կալանքը հաշվել որպես 1 օրը 1,5 օր:

Հիշեցնենք, որ 1961 թվականին ընդունված Հայաստանի քրեական օրենսգրքով ընդունված էր՝ 1 օրը 1 օրվա դիմաց։

Բայց 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է. «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց»:

Ինչպես է, որ 2003-ին ընդունված 1- 1,5-ը նորից է շրջանառության մեջ դրվում: Երբ է այն դարձել 1-1 և ինչու՝ չէ՞ որ քրեական օրենքի փոփոխությունները ընդունված է տանել դեպի մարդասիրություն (օրենքի հումանիզացիա):

Հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց փաստաբան Նորայր Նորիկյանից։

«Այսօր այդ գործիքակազմը հանված է։ Երբ 2003-ին նոր էր ընդունվել Քրեական օրենսգիրքը, եթե չեմ սխալվում, նախնական կալանքի մեկ օրը հավասարեցված է եղել պատժի կրման 1,5 օրվա ժամանակահատվածի հետ։ Քրեական օրենսգիրքն անընդհատ փոփոխվող փաստաթուղթ է, ժամանակի ընթացքում այդ դրույթը հանվել է, այդ առավելությունը վերացել է»,- պարզաբանեց նա։

Ն. Նորիկյանը տեղին է համարում ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի առաջարկությունը՝  հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն։ Է.Մարուքյանը սեպտեմբերի 7-ից  շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Պատգամավորի խոսքով, նախագծով վերադարձ է կատարվում նախկին՝ ավելի մարդասիրական մոտեցմանը, քանի որ նախնական կալանքը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման այլ ավելի խիստ պայմաններ։

«Կարծում եմ՝ Էդմոն Մարուքյանի կողմից առաջարկված ծրագիրը բավականին ակտուալ և ուշադրության արժանի տեսակետ է։ Կարծում եմ նաև, որ վաղ թե ուշ մենք գալու ենք այդպիս փոփոխության, որովհետև և հիմնավորմումները, և տրամաբանությունը նախնական կալանքի տակ մնացած անձանց իրավունքի  պաշտպանության տեսակետից, արդարացած է»,- ասաց փաստաբանը՝ միաժամանակ հավելելով, որ պետք է մանրամասն մասնագիտական վերլուծության ենթարկվի, վիճակագրական տվյալները, միջազգային փորձը, ուսումնասիրությունը նույնպես պետք է դրվեն նշված փոփոխությունների հիմքում։ 

Ն. Նորիկյանը կողմ է այդպիսի փոփոխությանը, գտնում է, որ, ընդհանրապես, Հայաստանում խափանման միջոցների մեջ կալանքը, որպես այդպիսին, դասվում է ամենածանր խափանման միջոցների թվում,  հետևաբար այդ խափանման միջոցի նկատմամբ պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերվի։

«Որքանո՞վ ճիշտ կլինի խնդիրը միայն այս համատեքստում քննարկելը։ Վերջին տարիներին շրջանառության մեջ է դրված սկզբունքորեն նոր Քրեական օրենսգրքի ընդունման փիլիսոփայությունը, կամ այդպիս նախագիծ կա շրջանառության մեջ, բայց չգիտենք էլ երբ կընդունվի։ Ընդհանրապես, խափանման միջոցների ընտրությունն է ավելանում։ Նոր Քրեական օրենսգրքի շրջանակներում կալանավորումը որպես խափանման  միջոց դիտարկվում է  խափանման միջոցներից ամենածայրահեղը,  ինչը ենթադրում է, որ նոր Քրեական օրենսգրքի ընդունումից հետո, կարծում եմ, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում կարող է միայն կիրառվել կալանքը որպես խափանման միջոց։ Հետևաբար, այս առումով հարցին պետք է նայել ամբողջական տեսանկյունից, հարցը պետք է դիտարկել  ընդհանուր քրեական  քաղաքականության համատեքստում, և ոչ թե առանձին՝ մեկ խափանման միջոցի դեպքում»,- նշեց փաստաբանը։

Նորայր Նորիկյանն ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջադիմական, կարևոր քայլ է,  հումանիզմի դրսևորում է։

Placeholder