«Կինոշոկ» փառատոնում լավագույն դերասանուհի է ճանաչվել Նարինե Գրիգորյանը
Մշակույթ
11:00 10/09/2018
Հայաստան

«Կինոշոկ» փառատոնում լավագույն դերասանուհի է ճանաչվել Նարինե Գրիգորյանը

Անապայում ավարտվել է ԱՊՀ և Բալթյան երկրների  «Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնը։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Նարինե Գրիգորյանը՝ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմում մարմնավորած դերի համար:

Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրությունն է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․ Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։

Ինտերֆաքսի հաղորդմամբ,  «Լավագույն դերասան» է ճանաչվել Վլադիմիր Տոլոկոննիկովը (հետմահու)։ Ղրղզստանից ռեժիսոր Տաալայբեկ Կուլմենդեևի «Մունաբիյա» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին՝ «Ոսկե որթ»։ Այս ֆիլմը նաև մրցանակ է ստացել լավագույն սցենարի համար։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալեքսեյ Շեմեսը «Պապ» ֆիլմի համար։

«Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնն անցկացվել է սեպտեմբերի 2-9-ը։ Փառատոնի ծրագրերում ներկայացվել է 67 ֆիլմ, այդ թվում դեբյուտներ, գեղարվեստական և վավերագրական համաշխարհային պրեմիերաներ։

Փառատոնն ունի հինգ մրցութային ծրագիր՝ լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, վավերագրական ֆիլմերի մրցույթ, «ՏՎ-շոկ» (խաղարկային հեռուստաֆիլմեր), մանկական ֆիլմերի  մրցույթ («Киномалышок»)։

Լուսանկարները՝ դերասան Շանթ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։ 

Placeholder
«Կինոշոկ» փառատոնում լավագույն դերասանուհի է ճանաչվել Նարինե Գրիգորյանը