«Կրթության» ենիչերիները
Կրթություն, գիտություն
13:34 11/09/2018
Հայաստան

«Կրթության» ենիչերիները

Առաջ  ասում էին՝ դու սովորի, իմացի,  իրենք չեն կարող չգնահատել:  Ուսուցչից  պահանջվում էր ստեղծագործական, վերլուծական, քննադատական, լսելու, հարգելու, խմբող աշխատելու հմտություններ ձևավորել աշակերտի մոտ, որպեսզի տարեցտարի կարողանա ինքնուրույն սովորել: Եվ իհարկե՝ գիտելիքներ: 

Երեխան, որ ունի այս ամենը, չի կարող ստրկամիտ լինել: 
Մալիշկայի  դպրոցի աշակերտներին ինչ-որ երիտասարդներ հրահրում էին դասերի չգալ,  գնալ ցույցի: Մոտավորապես՝ մի վախեցի, ո՞վ չի թողնում, ... էսինչ դասարան, դուրս եկեք ցույցի: 

Սա ինչ է, եթե ոչ հարկադրանք: Ով ասաց, որ միայն ուսուցիչն ու տնօրենը կարող են ինչ-որ բան հարկադրել ու, ինչպես միամտորեն համոզված են ոմանք՝ «ստրկամիտ դարձնել»:  Բա ցույցի տանելը ստրկամիտ դարձնե՞լ չէ::

Ավելին՝ ումն է պատասխանատվությունը, եթե  դասաժամին դպրոցից բացակա երեխային ինչ-որ  բան պատահի:  Այդ երիտասարդները երեխաների ծնողների համաձայնությունը ունե՞ն, որ նրանց երեխաներին տանում են դասերից ուր իրենք են ուզում:  

Ո՞վ սկսեց հակադրել  դպրոցն ու  ազատությունը:
Ի՞նչ իրավունքով: 

Ինչ իրավունքով եք խլում ծնողների՝ իրենց երեխայի հարցում որոշումներ կայացնելու իրավունքը:  Ով ասաց, որ  դպրոցն ու ընտանիքը կոչված են երեխայի իրավունքները  խախտելու, ու ինչ ասում են` հակադարձել է պետք:

Ի՞նչ եք սովորեցնում ուրիշի երեխաներին:  Դե տարեք բոլորին, ենիչերի դարձրեք՝ առանց ընտանիքի, առանց ինքնուրույնության, անդաստիարակ, մեծերի ասածները անտեսող` ձեզ կամակատար: Տարեք, հավատացրեք, որ կրթությունն ու դպրոցը որպես անազատության ու ստրկամտության տեղ  են, թող ձեր մտքերի ու որոշումների ստրուկը դառնան:
Սա ինչ թշնամանք է կրթության, ընտանիքի, դպրոցի հանդեպ:

Ինչու եք երեխաներին լարում  ընտանիքի ու դպրոցի դեմ:

Սա ինչ տարօրինակ քաղաքականություն է:  Ու կրթության նախարարը փոխանակ զբաղվի կրթության ու գիտության զարգացման քաղաքականությամբ, կրակ է վառում ու յուղ է լցնում կրակին:

Այո, ուսուցչական կադրերի հարցեր կարող են լինել:

Ու ուսուցչական կադրերի հարցը միշտ էլ ցավոտ է եղել՝  սահմանային գյուղերը մասնագետների պակաս ունեն: Ու գուցե դա էր նաև պատճառը, որ գյուղական դպրոցներում նաև աշակերտների դիֆիցիտ սկսվեց:

Ինչ վերաբերում է ուսուցիչների մասնագիտական իմացությանը՝ դրա համար կան նվազագույնը մանկավարժական բուհեր ու ԿԳՆ-ին պատկանող Կրթության ազգային կենտրոն, որտեղ պիտի վերապատրաստվեն ուսուցիչներ,  կիրառելի մեթոդներ մշակվեն՝ դպրոցներում առկա  խնդիրները լուծելու համար:

Ու դա էլ ԿԳՆ-ի գործն է:

Գիտական մոտեցում՝ ահա թե ինչ է պետք կրթությանը, բուհերին: Նույնիսկ՝ գիտական ոլորտին:

Ամենահեշտը ուրիշի երեխաներին խլելն է:  Միայն թե դա էլ է ստրկամտություն:

Placeholder
«Կրթության» ենիչերիները