Կդիմի՞ նախարարը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ
Իրավունք
14:40 12/09/2018
Հայաստան

Կդիմի՞ նախարարը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ

ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի գաղտնալսված ու հրապարակված հեռախոսազրույցում, որը ըստ փաստի ու ըստ բովանդակության թել առ թել քննարկվում է երեկվանից, նշվում է կոնկրետ դատավորի անուն, ով զրույց է ունեցել ԱԱԾ պետի հետ։  Խոսքը վերաբերել է մասնագիտական աշխատանքին, և ըստ գաղտնալսված զրույցի՝ դատավորին ցուցմունք է տրվել.  «դուխով, նայի հիմքերը, բայց կալանքը ուզած-չուզած պիտի տաս»։

Դատավորը Վաչե Մարգարյանն է, ում նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքում քննվել է ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու միջնորդությունը։

Նկատենք, որ ցուցումով աշխատող դատավորը ապացույցներից մեկն է, որ  դատական համակարգը կախյալ է: 

Նշենք, որ երեկ փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ Panorama.am-ին հայտարարեց, որ «ի՞նչ անեմ» հարցով գործադիր իշխանությանը զանգահարած բոլոր դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն։

Panorama.am-ը դիմեց Բարձրագույն դատական խորհրդին՝ պարզելու, արդյո՞ք չեն քննելու այդ դատավորի  նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու  հարցը։ ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ այս պահին Բարձրագույն դատական խորհուրդը որևէ գործառույթ չունի այդ հարցի հետ կապված։

«Դատավորին կարգապահական  պատասխանատվության  ենթարկում է  Բարձրագույն դատական խորհուրդը, բայց որպեսզի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկի «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն պետք է ստանա դատավորների ընդհանուր ժողովի  կարգապահական հարցերի հանձնաժողովի կամ լիազոր մարմնի՝ արդարադատության նախարարի՝ դատավորին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն։ Մինչև այդ միջնորդությունը չլինի, Բարձրագույն դատական խորհուրդը չի կարող քննել»,- հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իսկ կդիմի՞ արդյոք արդարադատության նախարարը նման միջնորդությամբ՝ մեծ հարց է: Առայժմ  Արտակ Զեյնալյանը զբաղված է իր՝ քաղաքապետ ընտրվելու հարցերով:

Placeholder
Կդիմի՞ նախարարը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ