Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հուշարձան շենք է, բայց անտարբերություն, պասիվություն կա. Տիգրան Հեքեքյան
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախաձեռնության Արամի 23 հասցեում տեղի է ունենում ակցիա՝ ի պաշտպանության այդ հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանի, որտեղ երգչախմբի փորձերն են անցնում։
Լրագրողների հետ զրույցում երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ասաց, որ արդեն 20 տարի է իրենք այդ շենքում են աշխատում։
«Շենքի կողքից շինարարություն են կատարում, փորել են 11 մետր բոլոր նորմատիվների խախտումներով»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց շենքը վտանգված է։
Տ. Հեքեքյանն ասաց, որ ահազանգել են բոլոր պատասխանատու կառույցներին, նամակ են գրել նաև վարչապետին. «Բոլոր շահագրգիռ կառույցները մտածում են ինչ քայլեր անել, բայց դանդաղ են մտածում։ Ամենապասիվը Երևանի քաղաքապետարանն է»։
Նա նշեց, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մնացել է առանց աշխատավայր, բայց հարցը դա չէ, այլ շենքը պատմամշակութային հուշարձան է։ Նրա խոսքով, շատ կինոնկարահանողներ ցանկանում են այդտեղ նկարահանումներ անել, քանի որ ոչ միայն դրսից է պատմամշակութային, նաև ներսից. 1890-ական թվականների հատակ է, դռները, պատուհանները 1890-ականներից չի փոխվել, ամեն ինչ օրիգինալ է։
«Ինձ համար շատ մտահոգիչ է որպես քաղաքացի, որ հերթական անգամ ևս մի շենք...ժամերի ընթացքում պետք է վերականգնել։ Հուշարձան շենք է, բայց անտարբերություն, պասիվություն կա»,- ասաց Տ. Հեքեքյանը։
ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն ասաց, որ եթե շենքը փլուզվի, վերականգնել հնարավոր չէ։
«Զարմացած եմ այն մարդկանց վրա, ովքեր գիտակցաբար հասցրել են այս շենքն այս վիճակի։ Վանդալիզմ է, ուրիշ ձևակերպում չեմ կարող ասել»,- ասաց նա։





