Հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը. Վարչապետ
Տնտեսություն
16:25 17/09/2018
Հայաստան

Հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը. Վարչապետ

«Չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահների հետ հանդիպմանը։

Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերի միջև սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով:

Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ:
 

Placeholder
Հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը. Վարչապետ